Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն փոխել է մոտեցումը կառավարման համակարգի փոփոխության հարցում


Հովհաննես Սահակյանը և Միքայել Մելքումյանը «Ազատության» տաղավարում, 21-ը հունիսի, 2015թ․
Հովհաննես Սահակյանը և Միքայել Մելքումյանը «Ազատության» տաղավարում, 21-ը հունիսի, 2015թ․

Կուսակցությունում այլևս այն կարծիքին չեն, թե դրա միակ շարժառիթը իշխանության պահպանումն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Ազատության» հետ զրույցում համաձայնեց տեսակետին, որ կուսակցությունում այլևս այն կարծիքին չեն, թե կառավարման համակարգի փոփոխության միակ շարժառիթը գործող նախագահի և իշխող կուսակցության կողմից գործադիր իշխանության ղեկի պահպանումն է:

Նշենք, որ անցած շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանը վերսկսել է իր հանդիպումների շարքը խորհրդարանի խմբակցությունների և կուսակցությունների հետ: Թեման կրկին սահմանադրական բարեփոխումներն են և այդ հարցով ծրագրված հանրաքվեն:

«Այն ժամանակ ասվում էր, որ դա իշխանության վերարտադրության համար էր, հիմա պետք է ավելի իրատեսական լինենք», - «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Մելքումյանը՝ շարունակելով․ - «Առաջ անցնելով նշեմ, որ ոչ թե այն ժամանակ ընդհանրապես բարեփոխման մենք դեմ էինք․․․ Ի դեպ, ես պետք է ասեմ, որ «Բարգավաճ Հայաստան»-ի ծրագրում հենց գրած է, որ մենք կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից ենք: Դա նորություն չէ, դա հստակ է: Պետք է անկեղծ խոսենք: Սակայն այն ժամանակ խնդիրը ուղղակի դրվում էր, որ Սահմանադրությունը չի, որ երկրի սոցիալական, տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառն է, միգուցե մենք անցնենք կառավարման խորհրդարանական մոդելին քիչ ավելի ուշ, երբ որ պայմանները օբյեկտիվ կհասունանան»:

Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն այն կուսակցությունների շարքում էր, որոնք մարտին ընդունել էին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և նրա հետ քննարկել սահմանադրական բարեփոխումները, որոնց հայեցակարգով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է անցնել կառավարման խորհրդարանական համակարգին: Այդ ժամանակ ԲՀԿ-ն հայտարարեց, որ դեմ է արտահայտվել կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն՝ դա գնահատելով որպես իշխանությունների վերարտադրման փորձ։

Հարցին, թե խորհրդարանական կառավարման ո՞ր մոդելը կարող է Հայաստանն ընդօրինակել՝ Իսրայելի՞նը, Գերմանիայի՞նը, թե՞ որևէ այլ երկրի, և կարո՞ղ է պատահել, որ նվազագույն շեմը խորհրդարան անցնելու ինչ-որ ձևով իջեցվի, իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ այս փոփոխությունների նպատակն այն է, որ այլ քաղաքական ուժեր նույնպես ունենան դերակատարում:

«Մենք Սահմանադրությամբ ֆիքսելու ենք ընդամենը 100 տոկոս համամասնականի գաղափարը, իսկ մյուս բոլոր դրույթները պետք է իրացնենք Ընտրական օրենսգրքով, որը Սահմանադրության ածանցյալն է կամ մի հավելվածը պիտի լինի: Բավականին մեծ ընտրելու տարբերակներ ունենք: Մեր քաղաքական ուժերի հետ կնստենք, կքննարկենք և ընդհանուր մոդելի մեջ կգտնենք այն տարբերակը, որ մեր երկրի, մեր ժողովրդի համար կլինի առավել ընկալելի և օգտակար», - ասաց Հովհաննես Սահակյանը:

XS
SM
MD
LG