Մատչելիության հղումներ

«Լինսի» հիմնադրամի փակումը կապ չուներ Հայաստանի հետ. Հարութ Սասունյան


Քըրք Քըրքորյանի հիշատակին տեղադրված պաստառ Լաս Վեգասում, ԱՄՆ, 16-ը հունիսի, 2015թ.

Քըրք Քըրքորյանի հիշատակին տեղադրված պաստառ Լաս Վեգասում, ԱՄՆ, 16-ը հունիսի, 2015թ.

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, «Լինսի» հիմնադրամի նախկին փոխնախագահ Հարութ Սասունյանի պնդմամբ՝ լուրերը, թե ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը իր տրամադրած միջոցների փոշիացման պատճառով է փակել հիմնադրամը, չեն համապատասխանում իրականությանը։

«Բոլոր խոսակցությունները, որ միշտ լսում էինք, թե ինքը դժգոհ էր, «Լինսի»-ն փակել էր, որովհետև իր փողերը փոշիացրել են, սուտ են և կեղծիք։ Պետք չէ ազնիվ աշխատանքը կապել քաղաքական վեճերին։ Պարոն Քըրքորյանը տրամադրել է, մոտիկից հետևել է, թե ինչպես են ծախսվում իր փողերը, ուր են գնում, և արդյունքն իր աչքով տեսել է»,- «Ազատությանը» ասաց Սասունյանը։

Ամերիկահայ միլիարդատերը, հիշեցնենք, մահացել է հունիսի 16-ին՝ կյանքի 99-րդ տարում։ 1917-ին Ֆրեզնոյում ծնված գործարարին Հայաստանում հիշում են որպես մեծ բարերարի, ով արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանն ու ստացել Հայաստանի քաղաքացիություն։

«Լինսի» հիմնադրամի գործունեության դադարեցումից հետո հիմնադրամում առկա դրամական միջոցները` 200 միլիոն դոլար, փոխանցվեցին Կալիֆորնիայի համալսարանին։ Սասունյանն ասում է՝ Քըրքորյանը հիմնադրամի գործունեությունը դադարեցրեց, քանի որ առաջացած տարիքի պատճառով չէր ուզում իրեն ծանրաբեռնել։

«Փակելու պատճառը իր հասուն տարիքն էր, 95 տարեկան էր, չէր ուզում այլևս զբաղվել ամենօրյա նամակներով, խնդրանքներով և նախօրոք, տարիներ առաջ ծրագրել էր, որ երբ որոշակի տարիքի հասնի, փակելու է հիմնադրամը, իր ունեցած հարստությունը դնելու է իր կտակի մեջ, և հետմահու իր հարստությունը բաժանվելու է բարեսիրական նպատակների համար։ Շատ պարզ, հստակ պատճառ կար, որ ինքը փակեց «Լինսի»-ին։ Դա ոչ մի կապ չուներ ո'չ ծրագրերի, ո'չ Հայաստանի, ո'չ հայության հետ»,- ասաց Սասունյանը։

Անդրադառնալով ամերիկահայ միլիարդատիրոջ կտակի հնարավոր բովանդակությանը՝ «Կալիֆորնիա կուրիեր»-ի խմբագիրն ասաց.- «Միակ բանը, որ գիտենք՝ ինքը իր հարստությունը թողել է բարեսիրական նպատակների համար։ Կան մարդիկ, որոնք պիտի սկսեն զբաղվել այդ հարստությունը բաշխելու աշխատանքով՝ համաձայն իր կտակի»։

XS
SM
MD
LG