Մատչելիության հղումներ

«Այս սակագինը այն մինիմալն է, որը կարող է ապահովել հոսանքի անվտանգ, անընդհատ մատակարարումը»


Տեսակետների խաչմերուկ, 20-ը հունիսի, 2015թ.
please wait

No media source currently available

0:00 0:21:51 0:00

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ընթացքում խոսել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման մասին։

«Ազատություն».- Ցուցարարները Ազատության հրապարակում նստացույց են անում և մինչև երկուշաբթի ժամանակ են տվել իշխանություններին՝ կասեցնելու էլեկտրաէներգիայի թանկացումը, եթե ոչ, սպառնում են շարժվել Բաղրամյան 26։ Հնարավո՞ր է արդյոք կասեցնել այդ որոշումը։

Նազարյան.- Կարծում եմ, այս թեման այնքան զգայուն է, ունի մեծ հնչեղություն մեր հասարակության շրջանում, որ ամեն ինչ պետք է անկեղծ ասել և փորձել հասկանալի լինել հանրության համար։ Եթե ես ասեմ՝ ոչ, մենք այդ որոշումը չենք փոխելու, կարող է դրանով ավելի բորբոքած լինեմ մեր ցուցարարներին և որպես քաղաքացի՝ իրենց աչքերում դառնամ մի բոբո։ Սիրելի քաղաքացիներ, պետք է ասեմ, որ ՀԾԿՀ-ն միշտ և այս անգամ էլ մանրամասն, խորը մասնագիտական վերլուծություն է կատարել և հայտնել իր դիրքորոշումը։ Մենք՝ որպես պետական կառույց, օժտված ենք որոշակի գործառույթներով, որոնց համար պատասխանատվություն ենք կրում՝ ապահովել հուսալի, անվտանգ, անընդհատ, որակյալ էլեկտրամատակարարում։ Այս սակագինը այն մինիմալն է, որը կարող է ապահովել իմ թվարկած այս գործոնները։ Այդ տեսակետից, եթե հնարավոր լիներ, մենք ինքներս շահագրգռված ենք, որ այս սակագները լինեին հնարավորինս մեղմ կամ ընդհանրապես չբարձրանային։

«Ազատություն».- Դուք ավելի վաղ էլ էիք այսպիսի դիտարկումներ հայտնել, մասնավորապես, նշել էիք, որ դժվար է սակագնի վերանայման ժամանակ քվեարկել որոշակի ձևով՝ հասկանալով, որ դա բեռ է դառնալու յուրաքանչյուրիս ընտանեկան բյուջեի վրա, սակայն նաև ասել էիք՝ սա մեր խաչն է, պետք է տանենք, ինչ-որ մեկը պետք է այս գործը անի։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասել էր. «Դուք չեք տանում այդ խաչը, այդ խաչը դնում եք ժողովրդի ուսերին։ ժողովուրդը ինչո՞ւ պիտի վատ մենեջմենթի, թալանի և գողության պատճառով թալանչիների փոխարեն տանի այդ խաչը»։ Այն որոշումը, որ դուք կայացրեցիք, դրա մեջ ինչ-որ ձևով ներառվա՞ծ են այդ վատ մենեջմենթը և թալանը։

Նազարյան.- Նախ խաչի մասին ասեմ. ես խաչ ասելով նկատի եմ ունեցել, որ սա մեր գործառույթն է, և որևէ մեկը դա պետք է անի, սա մեզ է վերապահված։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ վատ մենեջմենթի արդյունքում այն ճոխությունները, որոնք իրենց հայտում ներառել էին, վարձակալած թանկ բնակարանները, մեքենաները, դրանից որևէ լումա սակագնի մեջ իր արտացոլումը չի գտել և նախկինում, և այսօր։ Ինչ վերաբերում է գողությանը, թալանին, ինքս կոչ եմ անում՝ եթե կա գողություն, բռնեք այդ գողին, ավազակին, հրապարակային պատժեք։ Այդ թալանի, գողության արդյունքում ձևավորված վնասները նույնպես սակագներում իրենց արտացոլումը չեն գտել։ Դա ամբողջությամբ սեփականատերերի շահույթի հաշվին է եղել։

Շարունակությունը՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG