Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիահայ գործարարին հիասթափեցրել է հարկային մարմինների հետ շփումը


Սիրիահայերը ժամանում են Հայաստան, օգոստոս, 2012թ.

Սիրիահայերը ժամանում են Հայաստան, օգոստոս, 2012թ.

Երեք տարի առաջ պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ Ժակ Կարապետյանն ասում է՝ այստեղ ստիպված են վազվզել օրվա հացը վաստակելու համար։

Կարապետյանը համակարգիչների վերանորոգման կենտրոն է բացել Երևանում։ Հիմնական հաճախորդները սիրիահայերն են։ Բայց իր նախատեսած եկամուտներին Հայաստանում չի հասնում ու հույս էլ չունի, թե Սիրիայում ունեցած բիզնեսի հաջողություններն այստեղ կունենա։

«Էնտեղ կառավարությունը քաջալերում էր, ուղղություն էր տալիս, որ մարդիկ աշխատեին, էստեղ դանդաղեցնում են ամեն ինչ, թև ունեցողը նույնիսկ չի կարող թռնել, քանի որ թևերը կապում են»,- ասում է Կարապետյանը։

Այսօր աշխարհի յուրաքանչյուր 122-րդ բնակիչ փախստական է։ Եթե 10 տարի առաջ ամբողջ աշխարհում 31 միլիոն փախստական կար, ապա անցած տարեվերջի տվյալներով, այդ թիվը գրեթե կրկնապատկվել է։ Ընդ որում՝ Միացյալ ազգերի կազմակերպությունն արձանագրում է, որ փախստականների թվի ամենակտրուկ աճը տեղի է ունեցել անցած տարի, երբ սրվել է ռուս-ուկրաինական հակամարտությունը և չեն դադարել բախումները արաբական երկրներում, մասնավորապես՝ Սիրիայում:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը հիշեցնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի վերջին զեկույցը, որտեղ վերջինս մտահոգություն էր հայտնել աշխարհում անընդհատ ավելացող կոնֆլիկտների և դրանց հետևանքով փախստականների թվի աճի շուրջ։

«Կառավարությունները ոչ միայն չեն լուծում փախստականների հարցը, այլ կարծես թե չեն էլ կարողանում մի բան անել, որ դադարեցնեն կոնֆլիկտները։ Մենք ապրում ենք կոնֆլիկտների թվի և ինտենսիվության աճի տարիներ»,- ասում է Ալավերդյանը։

ՄԱԿ-ի հանձնակատարը շեշտել է հատկապես Սիրիայի կոնֆլիկտը, որի արդյունքում միլիոնավոր սիրիացիներ, այդ թվում՝ հայեր, լքել են իրենց երկիրը։

Ժակ Կարապետյանը Հայաստանը համեմատում է Սիրիայի հետ ու ասում՝ դյուրին չէ, անընդհատ դժվարությունների է հանդիպում: Զարմանում է, հիասթափվում, հարկային մարմինների հետ շփումներից տպավորություն ունի, թե միտումնավոր ամեն ինչ խճճում են գործ սկսողի համար:

«Հարկայինի մեջ մի գործ պիտի անես, բոլոր պաշտոնյաները քո հետ դյուրինությամբ չեն շփվում։ Երբ նոր խանութը բացեցի, գնացի հարկային, թե էս թղթերը ինչպես պիտի լրացնեմ։ Պաշտոնյաները կանգնած են, կարծես թե մուրում ես հարկայինի մեջ, պաշտոնյաները պիտի քեզ խղճան, որ օգնեն քեզ, քեզ ասում են՝ պետք է հաշվապահ գտնես։ Հաշվապահի մոտ ես գնում, նա էլ կամ ձևը չգիտի, կամ էլ գիտի, բայց ինքն էլ է դժվարացնում, կամ իրար հետ համաձայնեցրել են»,- ասում է Կարապետյանը։

Բիզնեսն ընդլայնելու՝ Կարապետյանի ծրագրերը չեն իրականացել։ Չնայած կառավարությունից բազմաթիվ հավաստիացումներ է լսել, թե սիրիահայերին օժանդակելու ծրագրեր են իրականացնում, ոչ մի օգնություն չի տեսել։ Իր ուժերով վարձակալել է արհեստանոցի մի փոքր տարածք ու ստիպված է սահմանափակվել փոքր եկամուտներով։

«Դրսի հայերը կարծում են, որ մեզ էստեղ օգնում են... ոչ մեկը չի օգնում, իսկ տան վարձերը, որ նախկինում 200 դոլար էր, հիմա դարձել է 500 դոլար, մեր առիթը օգտագործեցին։ Իմ եղբայրը որ գա, ես պիտի օգնեմ իրեն, ոչ թե իրեն օգտագործեմ։ Այսպես եմ ես զգում»։

Հայաստանում այսօր ավելի քան 12 հազար սիրիահայ է ապրում։ Շատերն էլ Հայաստան գալուց կարճ ժամանակ անց հեռացել են դեպի Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ։ Ժակ Կարապետյանը ափսոսանքով նշում է, որ մի օր հնարավորություն ունենալու դեպքում կհեռանա Հայաստանից։

«Ոչ մեկը չկարողացավ իր երազանքին հասնել Հայաստանում։ Ստիպեցին, որ բոլորն էլ, նեղանալով, թողնեն, դուրս գան։ Խոստումներ շատ են, բայց գործը չկա»,- ասում է նա։

XS
SM
MD
LG