Մատչելիության հղումներ

Պոլիտեխնիկի ռեկտոր է ընտրվել դաշնակցական Ոստանիկ Մարուխյանը


Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գլխավոր մասնաշենքը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գլխավոր մասնաշենքը

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր է ընտրվել Դաշնակցության անդամ, համալսարանը նախկինում ղեկավարած Ոստանիկ Մարուխյանը։

Ընտրություններն անցել են փակ քվեարկությամբ, Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը ստացել է 12, իսկ նորընտիր ռեկտորը՝ 19 ձայն։ Մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։

Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարապետ Կոգարովը ասաց, որ ընտրությունը լարված մթնոլորտում է ընթացել։

«Սկզբում Հովհաննես Թոքմաջյանին կողմնակից դասախոսները չէին ցանկանում, որ ընտրությանը մասնակցեն երեք ուսանողներ՝ նշելով, որ նրանք արդեն ավարտել են համալսարանը», - մանրամասնեց նա.- «Բայց այդ ուսանողները մասնակցեցին, որովհետև խորհուրդը, խորհրդի 29 անդամները՝ բացի այդ երեք ուսանողներից, բաց քվեարկությամբ հաստատեցին, որ նրանք պետք է մասնակցեն»։

Ռեկտորի ընտրության ավարտից հետո Հովհաննես Թոքմաջյանը շնորհավորել է Ոստանիկ Մարուխյանին՝ մաղթելով նրան ծրագրերի իրականացում։ Նորընտիր ռեկտորն էլ իր հերթին խոստացել է նպաստել համալսարանի զարգացմանը և Պոլիտեխնիկը համալրել նոր երիտասարդ կադրերով։

Ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի պաշտոնավարման ընթացքում մի քանի դասախոս հեռացվեց աշխատանքից, ուսանողական խորհրդի անդամներն էլ բարձրաձայնում էին իրենց նկատմամբ գործադրված ճնշումների մասին։ Հովհաննես Թոքմաջյանի անունը կապվեց մի քանի, այդ թվում՝ վիրտուալ սեքս սկանդալի հետ։

Համալսարանի մամուլի խոսնակ Ռուզաննա Հայրապետյանը, ով ևս համարվում էր վիրտուալ սկանդալի մասնակից, մեր հարցին, թե արդյոք սպասելի՞ էր ռեկտորի ընտրությունների նման ընթացքը, պատասխանեց, որ ինքն անձամբ քվեարկությանը ներկա չի եղել և դժվարանում է մեկնաբանել։

«Ամեն մեկը երևի իր սուբյեկտիվ կարծիքը ունի, ես զերծ եմ մնում նման մեկնաբանություններից։ Սպասելի էր, անսպասելի էր, ինչևիցե, անցել է Ոստանիկ Մարուխյանը, ինձ թվում է՝ էականը դա է»,- ասաց նա։

XS
SM
MD
LG