Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակիցները այսօր քննարկել են «Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում» թեման: Նիստը վարել է ՆԱՏՕ ԽՎ-ի անդրատլանտյան պաշտպանության և անվտանգության համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Սվերր Միրլին, ով էներգետիկ անվտանգությունն առանցքային խնդիր է համարել ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային տեսանկյունից, հայտնում է Հայաստանի ԱԺ տեղեկատվության վարչությունը։

Լոնդոնի Քինգզ քոլեջի փորձագետ Թրեյսի Ջերմանն անդրադարձել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում Հարավային Կովկասի կարևորությանը, տարածաշրջանային համագործակցության խթանման գործում էներգետիկայի դերին և էներգետիկ անվտանգության վրա տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրողությունների ազդեցությանը: Նրա համոզմամբ՝ էներգետիկ անվտանգությունը սերտորեն առնչվում է ազգային անվտանգության խնդիրների հետ: Ընդգծելով, որ տարածաշրջանում կայունության հաստատման անհրաժեշտություն կա՝ պարոն Ջերմանը կարևորել է տարածաշրջանի երկրների համագործակցությունը էներգետիկ անվտանգությանը վերաբերող ծրագրերի իրականացման հարցում՝ նշելով, որ Հայաստանը դուրս է մնացել Հարավային Կովկասի էներգետիկ նախագծերից, ինչը անապահովության զգացում է առաջ բերում և խախտում կայունությունը:

«Քաղաքական զարգացումները և քաղաքացիական հասարակությունը տարածաշրջանում» թեմայի քննարկման շրջանակում տեղի է ունեցել վերջին նիստը, որը վարել է ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը խոսել է քաղաքական գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի մասին, մասնավորապես՝ ԼՂ հիմնահարցի կարգավորման համատեքստում: Նա հակամարտության կարգավորման հարցում խաղաղության հասնելու անհնարինությունը պայմանավորել է քաղաքական իրավիճակով, քաղաքական կամքի բացակայությամբ և ազգերի միջև փոխվստահության ցածր մակարդակով: Նա կարևորել է քաղհասարակության ներգրավումը կարգավորման գործընթացում:

Ամփոփելով Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը՝ ՆԱՏՕ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը շեշտել է, որ Հայաստանը ջանքեր է գործադրելու եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ համագործակցությունը խորացնելու համար:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Կորյուն Նահապետյանը նշել է, որ տարածաշրջանն ունի բազմաթիվ խնդիրներ և հակամարտություններ՝ ընդգծելով, որ խորհրդարանականները պետք է միավորեն ջանքերը դրանց լուծման համար: Նա կարևորել է ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Խոսելով մեկ այլ մարտահրավերի՝ փակ սահմանի խնդրից՝ Կորյուն Նահապետյանը կարծիք է հայտնել, որ պետք է թուրք խորհրդարանականներին կոչ անել հավելյալ ջանքեր գործադրելու, որ հայ-թուրքական սահմանը բացվի, և ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ չունենա փակ սահման:

ՆԱՏՕ ԽՎ-ի նախկին նախագահ Հյու Բեյլին կարևորել է եռօրյա քննարկումները՝ նշելով, որ առանց նման քննարկումների և երկխոսության հնարավոր չէ հասնել խնդիրների արդյունավետ լուծման: Նա նշել է, որ Հայաստանը կարևոր նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև Եվրոպայի համար, և համագործակցությունը Հայաստանի հետ բխում է երկկողմ հետաքրքրություններից: Բեյլիի խոսքով՝ Հայաստանն աշխարհաքաղաքական և աշխարհագրական տեսանկյունից չի կարող միայն ԵՄ-ով հետաքրքրված լինել և սխալ է ՀՀ-ին դնել երկընտրանքի առջև՝ կամ Բրյուսել, կամ Մոսկվա: «Պետք է գտնել ճանապարհ հարաբերությունները համակողմանի զարգացնելու ուղղությամբ»,- ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG