Մատչելիության հղումներ

logo-print

Նստացույցը շարունակվում է. ակտիվիստները անհողդողդ են իրենց պահանջներում


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը շարունակում է նստացույցը Ազատության հրապարակում։ 300-ից ավելի ակտիվիստները գիշերը լուսացրել են բաց երկնքի տակ։

«Միակ պայմանը, որով կդադարեցնենք նստացույցը, դա այն փաստաթուղթն է, որի վրա գրված կլինի՝ չեղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ապօրինի որոշումը»,- ասաց նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։

Երեկ երեկոյան մեկնարկած նստացույցի վերջնաժամկետը առաջիկա երկուշաբթի ժամը 19։00-ն է։ Նախաձեռնության անդամների պնդմամբ, իրենց պահանջի չկատարման դեպքում երկուշաբթի օրվա հանրահավաքից հետո նստացույցը կտեղափոխեն Բաղրամյան 26 և կպահանջեն նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

«Պահանջս իմ երկրի նախագահից է։ Թե հիմա ինքն էլ ինչ-որ մեկի ճորտն է, ինքն էլ պիտի պահանջի հենց իրենից վերև կանգնածին։ Ես իրավասու եմ պահանջել իրենից, որ ուղղակիորեն իրավունք չունես անօրինականությունների էս շարքը տարածել երկրում»,- ասաց ցուցարարներից մեկը։

Թեև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիան 6.93 դրամով թանկացնելու միաձայն որոշում է կայացրել, ակտիվիստները վստահ են՝ Սերժ Սարգսյանը, չունենալով հանձնաժողովի վրա ազդելու լծակներ, այդուամենայնիվ, կարող է այնպես անել, որ չեղյալ համարվի թանկացման որոշումը։

«Եղել է, օրինակ, Մաշտոցի պուրակի դեպքը, երբ «սիրուն չէ» արտահայտությամբ՝ ընդունված որոշումը կասեցվել է։ Այսինքն կարող է այստեղ նորից գործել «սիրուն չէ» տարբերակը»։

Նստացույցի մասնակիցների խոսքով՝ երեկոն առանց միջադեպերի է անցել. ողջ գիշեր Ազատության հրապարակում հերթապահություն են իրականացրել նաև ոստիկանները։ Տարածքում վրաններ չեն տեղադրվել, սանիտարահիգիենիկ կանոններն էլ պահպանվում են։

«Ամբողջ գիշերվա ընթացքում թե՛ տղաները, թե՛ աղջիկները ավելները ձեռքներին ամբողջությամբ մաքրել են տարածքը՝ թույլ չտալով, որ մեզ վրա ինչ-որ խոսակցություն գա, որովհետև մենք ինքներս ցանկանում ենք մաքրությունը պահպանել, քանի որ էստեղ ենք մնում»։

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը ձևավորել է համակարգող մարմին. ակտիվիստների մի մասը շարունակում է իրազեկումը մայրաքաղաքի բակերում։

«Ռուսական գազից միակողմանի կախվածությունը, և մեր ՀԷՑ-ն էլ կառավարում է ռուսական քաղաքակրթությունը կրող ռուսական կապիտալը... սա հանգեցնելու է նրան, որ մենք հերթական անգամ եկող տարի նորից ստիպված ենք լինելու այս հարցը դնելու քննարկման, և մարդիկ այս հարթակից տուն չեն գնալու»։

«Ամբողջ ցավն այն է, որ շատերը տեղյակ չեն, թե ինչ է կատարվել։ Շատերը լսել են, որ էլեկտրաէներգիան թանկանում է, բայց տեղյակ չեն, որ այդ ապօրինի որոշումը կայացված է, և երկու ամսից իրենք լուրջ խնդրի առաջ են կանգնելու»։

Նստացույցի մասնակիցներին սննդով ու առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար Ազատության հրապարակում երեկվանից տեղադրվել է հանգանակության արկղ։ Դրամահավաքի մեկնարկից տաս րոպե անց հանրահավաքի մասնակիցների կողմից արդեն իսկ հանգանակվել է ավելի քան 300 հազար դրամ։

XS
SM
MD
LG