Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները շարունակելու է պատերազմն ահաբեկչության դեմ


Վրաց-ամերիկյան վարժանքներ՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, «Վազիանի» ռազմակայան, Վրաստան, 18-ը հունիսի, 2014թ.

Վրաց-ամերիկյան վարժանքներ՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, «Վազիանի» ռազմակայան, Վրաստան, 18-ը հունիսի, 2014թ.

Միացյալ Նահանգները շարունակելու է պատերազմն ահաբեկչության դեմ, հայտարարել է Պետքարտուղարության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի համակարգող, դեսպան Թինա Քայդանաուն՝ ներկայացնելով «Ահաբեկչության դեմ պայքարը 2014 թվականին» զեկույցը։

«Մեզ հաջողվել է տարբեր երկրամասերում զարգացնել մեր գործակից երկրների հնարավորությունները: Այո, այս հարցում մենք առաջխաղացում ենք գրանցել»,- ասում է նա:

Դեսպանը նշել է, որ Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմն աշխարհով մեկ ահաբեկչական գործողություններ է հրահրել: Ահաբեկչության վերաբերյալ զեկույցը արձանագրել է, որ 2014-ին 90 երկրներից մոտ 16 հազար օտարերկրյա գրոհային-ահաբեկիչ մուտք էին գործել Սիրիա, ինչը գերազանցում է անցած 20 տարիների ընթացքում ահաբեկիչների ներհոսքը այլ երկրներ:

Հիմնական վտանգը, Քայդանաուի խոսքով, բխում է «Իսլամական պետություն» խմբավորումից, որն իր հսկողության տակ գտնվող տարածքներում բռնության դաժան միջոցներ է օգտագործում տեղի բնակչության դեմ: «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներն առանձնացել են նաև համացանցի օգտագործմամբ։

«Նրանց հաջողվում է եզակի արհեստավարժությամբ օգտագործել լրատվամիջոցները և համացանցով տարածել իրենց կողմից իրականացվող բռնությունները՝ այսպիսով ոչ միայն ահաբեկելով, այլև՝ նոր անդամներ հավաքագրելով»,- ասում է Քայդանաուն։

Ահաբեկչության դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցը, ամերիկյան դիվանագետի խոսքով, միասնական միջազգային դաշինքի ստեղծումն է.- «Միացյալ Նահանգներին անհրաժեշտ են գործընկերներ, որոնք ի վիճակի են ինչպես մասնակցել միասնական գործողություններում, այդպես էլ դեմ առ դեմ պայքարել ահաբեկիչների դեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG