Մատչելիության հղումներ

Էրդողանը և Գյուլը քննարկել են Թուրքիայում ստեղծված քաղաքական իրավիճակը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և նախկին նախագահ Աբդուլա Գյուլը այսօր անսպասելի հանդիպում են ունեցել: Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի հուղարկավորությունից հետո հանդիպումը կայացել է խորհրդարանի ղեկավարի գրասենյակում և տևել է 45 րոպե:

Today’s Zaman-ի փոխանցմամբ, ենթադրվում է, որ Էրդողանը և Գյուլը քննարկել են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, կոալիցիա կազմելու հնարավորությունները կամ արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը:

Ներկայիս և նախկին նախագահների հանդիպումն անսպասելի էր, քանի որ երբեմնի ընկերների հարաբերություններում, ովքեր միասին էին հիմնադրել «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, վերջին շրջանում սառնություն էր զգացվում: Գյուլի նախագահական պաշտոնի ավարտից հետո նրան ոչ մի այլ պաշտոն չառաջարկվեց, և արդեն մեկ տարի է նա բացակայում է ակտիվ քաղաքականությունից:

Երեկ հրապարակվեցին խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Նոր խորհրդարանը առաջին նիստը հրավիրելու է հունիս 23-ին:

Ընդդիմադիր ճամբարը, մինչ այդ, փորձում է միավորվել: Եթե բացի «Արդարություն և զարգացում» կուսակցությունից խորհրդարան անցած մյուս երեք ուժերին հաջողվի միավորվել, նրանք կարող են կոալիցիա կազմել և վերցնել իշխանությունը:

Hurriyet Daily News-ի հետ հարցազրույցում ժողովրդա-հանրապետականների` հիմնական ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն «Ազգային շարժման» առաջնորդ Դևլեթ Բահչելիին առաջարկել է վարչապետի պաշտոնը:

«Արի միասին կառավարություն կազմենք, եղիր այդ կառավարության վարչապետը», - հայտարարել է Քըլըչդարօղլուն:

Փաստորեն ընտրություններում երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր կուսակցության ղեկավարը կոալիցիա կազմելու նպատակով հրաժարվում է հիմնական պաշտոնից՝ այն առաջարկելով ազգայնականներին:

Ամենագլխավոր խնդիրը, ամենամեծ տարաձայնությունը ազգայնականների և քրդամետ ժողովրդա-դեմոկրատների միջև է: Ավելի վաղ ազգայնականների առաջնորդը շեշտել էր, որ քրդամետ կուսակցության հետ դաշինքի չեն գնա: Ժողովրդա-հանրապետականները հույս ունեն փոխզիջումների հասնել: Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է, թե քաղաքականության արվեստը հենց խնդիրները լուծելու մեջ է:

«Ժողովրդա-հանրապետականները, ժողովրդա-դեմոկրատները և «Ազգային շարժում»-ը աջակիցների հանդեպ պարտավորություններ ունեն, նրանք կարող են միավորվել, ընդհանուր ուժերով հասնել խնդիրների լուծմանը, որոնք առկա են Թուրքիայում», - ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն:

Եթե Թուրքիայում ոչ մի կողմին չհաջողվի կոալիցիա կազմել, ապա, ըստ օրենսդրության, պետք է ժամանակավոր կառավարություն ձևավորվի և անցկացվեն խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ:

550 տեղանոց խորհրդարանում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ունի 258 տեղ, ժողովրդա-հանրապետականները՝ 132, ժողովրդա-դեմոկրատները և «Ազգային շարժումը»` 80-ական տեղ:

Կառավարությունը միայնակ ձևավորելու համար անհրաժեշտ էր 268 մանդատ, որը ոչ մի կուսակցություն չի ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG