Մատչելիության հղումներ

«Մոռացված» շենքում 51 ընտանիք է ապրում


Նազարբեկյան 48-ի բնակիչներն ամեն օր անցնում են վերելակի բաց հորերի կողքով, բարձրանում առանց բազրիք աստիճաններով:

Երևանի Նազարբեկյան թաղամասի 48-րդ հասցեի կիսակառույց շենքում 51 ընտանիք է ապրում: Առանց տանիք և կոյուղի այս շենքի բնակիչներն ամեն օր անցնում են վերելակի բաց հորերի կողքով, բարձրանում առանց բազրիք աստիճաններով:

Տարիներ շարունակ նրանց բողոքի ձայնը պետական այրերին չի հասնում: Վերջին նամակը ուղղել են Երևանի ավագանու «Բարև Երևան» ընդդիմադիր դաշինքի անդամ Անահիտ Բախշյանին, ում հետ էլ այցելեցինք մոռացված այս շենքը: Բնակիչները իրար հերթ չտալով պատմում էին, թե ինչ սարսափելի պայմաններում են ապրում տարիներ շարունակ:

Պետական գույքի կառավարման վարչությունից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ շենքը հանձնված չէ Երևանի քաղաքային համայնքին, չունի իրավական կարգավիճակ, և շենքից միայն 18 բնակարան է ամրակցված վարչությանը:

Մինչդեռ Անահիտ Բախշյանը հղում է անում կառավարության 2015 թվականի որոշման նախագծերից մեկին, որտեղ նշվում է, որ վերոհիշյալ շենքը ամրակցված է Պետական գույքի կառավարման վարչությանը:

Բնակիչները պատմում են, որ 90-ականների «խառը ժամանակներում» շատերն առանց սեփականության իրավունքի մտել և սկսել են ապրել այստեղ: Տարիների ընթացքում փորձել են սեփականության իրավունք ձեռք բերել: Վարչությունը 8 բնակարան նվիրաբերել է պայմանով, որ բնակիչները կմասնակցեն ընդհանուր օգտագործման տարածքների ամրացման և բարեկարգման աշխատանքներին: Բնակիչները պնդում են, որ իրենց հնարավորությունների չափով շենքը բարեկարգում են, մինչդեռ պետական կառույցներից ոչ մեկը մինչև օրս մասնակցություն չի ունեցել շենքի շինարարությունը ավարտին հասցնելու աշխատանքներին:

«Մենք ի վիճակի չենք տանիք կամ կոյուղի կառուցել», - ասում են նրանք:

Շենքից մի քանի մետր հեռավորության վրա բնակիչները փոս են փորել և ինքնաշեն կոյուղի ստեղծել: Հորը պարբերաբար դատարկում են սեփական միջոցներով, սակայն այսօր արդեն այն նպատակին չի ծառայում: Բակում, որտեղ խաղում են երեխաները, հակասանիտարական վիճակ է ստեղծվել:

Օձերն ու կարիճները վխտում են ամբողջ շենքում: Մեր այցի ողջ ընթացքում բնակիչները զգուշացնում էին՝ չհենվել պատերին, քանի որ դրանք ամեն վայրկյան կարող են փուլ գալ:

Պետական գերատեսչությունները, բնակիչների պնդմամբ, գիտեն այս վտանգավոր շենքի մասին, սակայն չեն շտապում միջոցներ ձեռնարկել․ շենքն անտեր է, ուստի ոչ ոք չի ցանկանում ավելորդ պատասխանատվություն վերցնել իր վրա:

Ավագանու ընդդիմադիր անդամ Բախշյանն այսօր բաց նամակ է ուղղել իշխանություններին, ինչպես նաև հանրապետության նախագահի տիկնոջը՝ խնդրելով տեր կանգնել այս մոռացված շենքին:

XS
SM
MD
LG