Մատչելիության հղումներ

Նախագահը մասնակցել է «Վիքիմեդիա Հայաստան»-ի գրասենյակի բացմանը, այցելել «Միր»


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակի բացմանը:

Հայաստանի նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Նախագահին ներկայացրել են, որ որպես «Վիքիմեդիա» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ հիմնադրված «Վիքիմեդիա Հայաստան»-ի նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում ու տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը:

Գրասենյակի կոնֆերանս-սրահում նախագահը մասնակցել է Հայաստանում վիքի նախագծերի զարգացմանը վերաբերող հարցերի քննարկմանը, որին մասնակցել են նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը, հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Վիքիմեդիա Հայաստան»-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը, «Վիքիմեդիա» հիմնադրամի խորհրդի նախագահ Յան Բարտ դե Վրիդը, հիմնադրամի գրանտների բաժնի և միջազգային հյուսիսային համագործակցության ղեկավար Ասաֆ Բարտովը, «Վիքիպեդիա» կրթական ծրագրի ղեկավար Աննա Կովալը, «Եվրոպեանա ԳԼԱՄ» վիքի ծրագրի համակարգող Ուիլյամ Վիատը, «Ինտելեկտուալ Վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Մարինա Սուլթանյանը և ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանը:

Այնուհետև նախագահը այցելել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղ, որին երեկ կառավարության որոշմամբ հատկացվել է 60 միլիոն դրամ՝ Երևանում տեղակայված երկրային արբանյակային կայանի վերազինման համար:

Սերժ Սարգսյանը ծանոթացել է ընկերության տեխնիկական հնարավորություններին, վերազինման ընթացքին և այդ ուղղությամբ առաջիկա անելիքներին, զրուցել մասնաճյուղի աշխատակիցների հետ: Նախագահին ներկայացվել են «Միր» հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղի կողմից պատրաստվող արտադրանքը, դրա ծավալները, ստեղծագործական թիմի կողմից պատրաստվող հաղորդումները, որոնք Հայաստանը ներկայացնում են շուրջ 162 միլիոն դիտող ունեցող «Միր»-ի լսարանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG