Մատչելիության հղումներ

logo-print

«Կցանկանայի, որ ծնողներս ողջ լինեին ու տեսնեին, որ գրեթե տասը տարի անց դատարանում հաղթել ենք»


ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ հայցը շահած Մինաս Սարգսյանի որդու խոսքով, կարևորը ոչ թե ֆինանսական կողմն է, այլ՝ հաղթանակը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ հայցը շահած Մինաս Սարգսյանի որդին՝ Վլադիմիր Սարգսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում վերհիշեց, թե 1992 թվականին ինչպես են թողել Հյուսիսային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իրենց տունը:

«Հանկարծակի ենք փախել գյուղից, բացարձակ նպատակ չի եղել, որ կարող է գյուղը թողնենք ու փախչենք։ Գրեթե մի օրվա ընթացքում ամբողջ ռայոնը տեղափոխվել էր Գյուլիստան, հաջորդ օրն էլ` փախել. թուրքերը գրադով խփել են, ժողովուրդը թողել, փախել է անտառ։ Մի մասն անտառով Հաթերք գյուղ գնաց, մի մասը՝ Տոնաշեն։ Սարեր, ձորերում բազմաթիվ տատիկ, պապիկներ մահացել են, զոհվել են», - պատմեց Վլադիմիր Սարգսյանը։

Երեք օր առաջ հրապարակվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ըստ որի, Ադրբեջանի կառավարությունը պետք է փոխհատուցի Մինաս Սարգսյանին՝ Գյուլիստանում կորցրած տան համար: Ղարաբաղյան պատերազմից հետո այդպես էլ չկարողանալով տեսնել իր բնօրրանը՝ 80-ամյա ծերունին մահացել է Երևանում՝ 2009 թվականին: Այժմ փոխհատուցումը պետք է ստանան նրա ընտանիքի անդամները:

Եղվարդում գտնվող արհեստանոցում՝ սեղանի վրա, հին լուսանկարներ էին, Վլադիմիր Սարգսյանը պատմեց ․- «Սա մեր տունն է՝ կողքից նկարած։ Դեռ երեխա էի, դպրոց էլ չէի գնում, առաջին տունը սարքեցինք որոշ բարձրության վրա, հետո կողքից մի հատ տուն էլ սարքեցինք՝ մեծ, հետո երկրորդ հարկը սարքեցինք, գոմ ունեինք, անասուններ, այգի, ծառեր»։

«Գյուլիստանից ոչինչ չի մնացել», - կիսաձայն ասաց նա՝ վերհիշելով. - «Ժողովուրդը ներսը, գրադը, տանկը եկել է, բարձրություն կա մեր դպրոցի մոտ, ու շենքերին սկսել խփել, մնացած մասը թալանել, տարել են, գյուղի եկեղեցին թուրքերը պայթացրել են։ Գյուղում հիմա տուն չկա, բոլորովին քանդված է»։

«Բոլորով կռվում էինք մեր հայրենիքը, տունը պաշտպանելու համար», - Ղարաբաղյան պատերազմը այսպես է հիշում այսօր արդեն 60-ին մոտ Վլադիմիր Սարգսյանը. - «Եղբայրս հետ եկավ, ընտանիքը թողեց ստեղ ու հետ գնաց պատերազմ, ու զոհվեց։ Երկու երեխա ուներ, մեկը՝ երկու, մյուսը՝ մեկ տարեկան, հիմա մեծ տղաներ են՝ ամուսնանալու»։

Անդրադառնալով Եվրոպական դատարանի վճռին, նա ասաց, թե շատ կցանկանար, որ ծնողները ողջ լինեին ու տեսնեին, որ գրեթե տասը տարի անց դատարանում հաղթել են։ «Գիտեք, կարևորը այդ ֆինանսական կողմը չի, կարևորը հաղթանակն է, որ հաղթել ենք։ Չգիտեմ՝ հետագան ոնց կլինի, բայց այս գործընթացը ողջունելի է», - ասաց Սարգսյանը։

XS
SM
MD
LG