Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները թերահավատ են, որ վարչապետը կկատարի խոստումը


«Նաիրիտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ

«Նաիրիտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ

Թեև վարչապետը խոստացել է, որ մինչև հուլիսի 15-ը կմարվի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների պարտքը, սակայն նաիրիտցիները մտադիր են շարունակել բողոքի ցույցերը՝ քիմիական հսկան վերագործարկելու պահանջով։

«Բողոքի ակցիաները, երթերը, ցույցերը դադարեցնելու մասին, ես կարծում եմ, խոսք գնալ չի կարող, որովհետև մեր երկու խնդիրներից մեկը, այնուամենայնիվ, դեռ մնում է։ Եթե նույնիսկ մենք այս պահին հավատում ենք, որ պարտքի մարում ամբողջությամբ լինելու է, հավատում ենք այսպես՝ կիսաչհավատալով, մնում է վերագործարկման հարցը, որը մեզ համար խիստ կարևոր է։ Եվ բողոքի ակցիաները դադարեցված էին ընդամենը մեկ շաբաթով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը։

Գործարանի մասնագետները վստահ են, որ վերագործարկումը հնարավոր է ոչ թե 340 միլիոն դոլարով, ինչպես նշված է Համաշխարհային բանկի միջոցներով անցկացված աուդիտի եզրակացության մեջ, այլ 55-65 միլիոնով։

Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանի պնդմամբ՝ գործարանը կարող է տարեկան 17 միլիոն դոլարի եկամուտ տալ։

«Մեր վախն այն է, որ մեր մասնագետներին կկորցնենք: Ինչքան հետաձգվում է «Նաիրիտ»-ի թողարկումը, էնքան մենք կորցնելու ենք մեր աշխատողներին, մասնագետներին։ Համալսարաններն էլ քիմիայի ոլորտում նոր մասնագետներ չեն տալիս։ Համոզված եմ, որ եթե 4-5 տարի հետո գործարանը թողարկեն, աշխատողներ չեն գտնելու», - ասաց Հրաչ Թադևոսյանը։

Անուշ Հարությունյանն էլ հավելեց, որ վերագործարկման համար ներդրումներ կատարող ընկերություն պետք է փորձի գտնել պետությունը։

«Երբ որ վարչապետը դիմում է «Նաիրիտ»-ի սովորական աշխատողներին՝ «գտեք ներդրող և ես կընդառաջեմ, ամեն ինչ կանեմ», դա հնչում է մի քիչ ոչ լուրջ, որովհետև ես ենթադրում եմ, որ «Նաիրիտ»-ի համար ներդրող պետք է փնտրի և գտնի նախևառաջ պետությունը, առավել ևս, որ «Նաիրիտ»-ի առաջ կանգնած են այդպիսի գլոբալ խնդիրներ, ինչպիսին պարտքերն են», - հավելեց Հարությունյանը։

Նրա խոսքով, իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե էլեկտրաէներգիայի թանկացումը կապ ունի քիմիական գործարանի պարտքի հետ։ Նա նշեց, որ այսօր նաիրիտցիները ևս մասնակցելու են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG