Մատչելիության հղումներ

«Անգլիացի զբոսաշրջիկ» Սեյմուր Սեֆերովը


Սեյմուր Սեֆերովը «Լիդեր»-ի հարցազրույցի ժամանակ

Սեյմուր Սեֆերովը «Լիդեր»-ի հարցազրույցի ժամանակ

«Լիդեր» հեռուստաընկերությունը պնդում է, թե ադրբեջանցին դիտավորյալ թյուրիմացության մեջ է գցել լրագրողներին:

Ադրբեջանի մասնավոր, կառավարամետ «Լիդեր» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել՝ փորձելով արդարանալ օրերս հեռարձակած մի սկանդալային և զավեշտալի հարցազրույցի համար: Հեռուստաընկերությունը պնդում է, որ տեղացի բնակիչը, դիմելով սադրիչ քայլի, թյուրիմացության մեջ է գցել հեռուստաընկերությանը՝ ներկայանալով որպես արտասահմանցի զբոսաշրջիկ:

«Լիդեր»-ի հայտարարությունը հաջորդեց Ադրբեջանում սկսված խոսակցություններին, սոցցանցերում տարածված մեկնաբանություններին, թե իշխանությունները տեղացի բնակիչների են վարձում, որպեսզի նրանք սպորտի երկրպագու արտասահմանցի զբոսաշրջիկներ ձևանան, իբր հատուկ Բաքու են ժամանել՝ դիտելու Եվրոպական առաջին խաղերը, և նման կեղծիքների միջոցով փորձում են բարձրացնել Ադրբեջանի վարկանիշը:

Օրերս «Լիդեր»-ը հարցազրույց էր հեռարձակել մի մարդու հետ, ով սրճարանում նստած՝ ներկայանում է որպես Ջեյմս Բոնար և ասում է, թե անգլիացի զբոսաշրջիկ է:

Կեղծիքը բացահայտել է Գերմանիայում գործող «Մեյդան TV» ինտերնետային անկախ հեռուստաընկերությունը՝ պարզելով, որ հարցազրույց տվողը Ադրբեջանի քաղաքացի Սեյմուր Սեֆերովն է, ով նախկինում բնակվել է Ջեբրայիլի շրջանում:

Baku.az կայքի փոխանցմամբ, «Լիդեր» հեռուստաընկերության սոցիալական և մշակութային հաղորդումների ղեկավար Էլնուր Ֆիթալիևը ասել է, թե այս հարցազրույցների համար պետք է մեղադրել ոչ թե հաղորդումը պատրաստողներին, այլ այդ անձնավորությանը, ով դիմել է սադրանքի:

«Միջազգային իրադարձությունների ժամանակ լրագրողներն աշխատում են սեղմ ժամկետներում: Ո՞վ կմտածեր, որ ինչ-որ մեկը կարող էր նման բան անել: Նա դիտավորյալ իրեն արտասահմանցի է ներկայացրել, իսկ հետո այդ հաղորդումը և իր իսկական անունը տարածել ինտերնետում: Նա փորձել է ինչ-որ բանի հասնել», - ասել է «Լիդեր» հեռուստաընկերության բաժնի վարիչը:

XS
SM
MD
LG