Մատչելիության հղումներ

Այսօր հոսանքը չթանկացնելու պահանջով հանրահավաք-երթ կանցկացվի


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթ Երևանում, 27-ը մայիսի, 2015թ․

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթ Երևանում, 27-ը մայիսի, 2015թ․

«Չթանկացնել ոչ մի լումա» պահանջի տակ միավորված մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ այսօր հանրահավաք-երթ են հրավիրել Երևանի Ազատության հրապարակում: Ակտիվիստները հույս ունեն, որ Ազատության հրապարակն այսօր մարդաշատ կլինի, և միասնական պահանջով կկարողանան ստիպել իշխանություններին՝ չեղյալ համարել հոսանքի թանկացման որոշումը:

«Փորձում ենք ինչ-որ բան փոխել, գոնե ինչ-որ բան ուղղվի էս երկրում, որովհետև միայն բողոքելով և մտքում անիծելով՝ որևէ բան չի փոխվի: Մենք վճռական ենք մեր որոշումներում և մեր պայքարում մենք գնալու ենք մինչև հաղթանակ, և կոչ եմ անում բոլորին լինել այդպիսին», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Գևորգ Սանոյանը:

Հիշեցնենք, որ չնայած հանրային ճնշմանը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց մոտ 7 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը:

«Պահանջատիրական մեծ երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման» ֆեյսբուքյան էջին միացել է արդեն շուրջ 8 հազար օգտատեր: Ակտիվիստ Վարդան Հակոբյանը վստահ է, որ եթե բոլոր քաղաքացիական նախաձեռնություններն այսօր երեկոյան լինեն Ազատության հրապարակում, կարող են ստիպել իշխանություններին ականջալուր լինել իրենց պահանջներին:

«Օրինակ որպես կարող եմ ձեզ հիշեցնել 100 դրամի [տրանսպորտի ուղևորավարձի բարձրացման դեմ] ակցիան՝ եթե մեկ օր ուշանար որոշման կասեցումը, դա լինելու էր արդեն իշխանափոխություն: Իրենք շատ լավ հասկանում են էն գիծը, որտեղից կարելի է արդեն հետդարձ», - հայտարարեց Հակոբյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG