Մատչելիության հղումներ

Արմավիրի բժշկական կենտրոնում երեխայի մահվան փաստով քրգործ է հարուցվել


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արմավիր բժշկական կենտրոն»-ում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ։

«2015 թվականի հունիսի 16-ին` ժամը 13:55-ին, «Արմավիր բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել, որ «աղիքային սուր ինֆեկցիա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ջրաշեն գյուղի անչափահաս երեխա, ով նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, հիվանդանոցում բուժօգնություն ստանալու ժամանակ մահացել է», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիվանդանոց ընդունվելիս երեխայի վիճակը եղել է միջին ծանրության, բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ քիչ անց մահացել է, նշում է Քննչական կոմիտեն:

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը»:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու երեխայի մահվան պատճառը։ Զննություն է կատարվել երեխայի բնակության վայրում, և սննդամթերքից, ջրից վերցվել են նմուշներ, նշանակվել է դատասննդային փորձաքննություն:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», - վստահեցնում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG