Մատչելիության հղումներ

Հունիսի 22-ին Եվրամիության արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում պետք է պաշտոնապես հավանություն տան այդ որոշմանը։

Բրյուսելում տեղի ունեցած հավաքի ընթացքում Եվրոպական միության դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու և Ղրիմում ներդրումների կատարումը ևս մեկ տարով արգելելու որոշումը։

Հունիսի 22-ին Եվրամիության արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում պետք է պաշտոնապես հավանություն տան այդ որոշմանը։ Պատժամիջոցների ցանկում Ռուսաստանի էներգետիկայի, ֆինանսական և ռազմական ոլորտներն են։ Դրանք սահմանվել են անցյալ տարվա հուլիսին` ի պատասխան Ղրիմը գրավելու և Ուկրաինայի արևելքի ռուս անջատականներին սատարելու Մոսկվայի քաղաքականությանը։

Եվրամիության ղեկավարները որոշել են, որ պատժամիջոցները մեղմելու հնարավորությունը կապված կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնության կատարման հետ։

Եվրամիության արտգործնախարարների Լյուքսեմբուրգում նախատեսված հանդիպման հաջորդ օրը` հունիսի 23-ին, Փարիզում տեղի կունենա «Նորմանդյան քառյակի» ձևաչափով Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի օրակարգում կլինի Մինսկի համաձայնության կատարումը։ Այդ մասին երեկ հայտնել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսը։

Երեկ Մոսկվան հայտնել է, որ Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի արևելքի հարցը և ընդգծել, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել վերջին շրջանում վերսկսված բախումները, հատկապես գյուղերի և քաղաքացիական ենթակառուցվածքի հրետակոծությունները։

Անցյալ տարվա ապրիլին մեկնարկած բախումներում Ուկրաինայի արևելքում սպանվել է առնվազն 6 հազար 454 մարդ։

Ռուսաստանում ասում են, թե պատժամիջոցների երկարաձգումն անակնկալ չէ, ուստի դա առանձնապես չպետք է ազդի ռուբլու փոխարժեքի և տնտեսական ընդհանուր կացության վրա։ Այդ մասին հայտարարել է «Ռոսբանկ»-ի վերլուծաբան Եվգենի Կոշելևը: ING հոլանդական բանկի Ռուսաստանի գծով ավագ տնտեսագետ Դմիտրի Պոլևոյը, մինչդեռ, ասել է, որ պատժամիջոցների երկարաձգումն այնուամենայնիվ բարդություններ կառաջացնի արտաքին պարտքը սպասարկելու հարցում։

Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան անպայման պատասխան պատժիչ քայլեր կձեռնարկի։

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանն այսօր ասել է, որ եթե Եվրամիությունը որոշի երկարաձգել պատժամիջոցները, Մոսկվան կերկարաձգի Եվրամիության գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման արգելանքը․ - «Մենք պարզապես կպահպանենք ստատուս քվոն, քանի որ այդ էմբարգոն սահմանել ենք ի պատասխան եվրոպական պատժամիջոցների»։

Նախարարը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը նոր պատժամիջոցներ չի սահմանի եվրոպական ոչ գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ։

Անցյալ տարի Մոսկվան արգելել է կաթնամթերքի, մսամթերքի, ձկնեղենի, միրգ-բանջարեղենի ներմուծումը ոչ միայն Եվրամիությունից, այլև Ամերիկայի Միացյալ Նահանգներից։

XS
SM
MD
LG