Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի հայաբնակ գյուղում 12 ընտանիք է մնացել


Վրաստանի հայաբնակ Սամցխե Ջավախեթի շրջանի Թաղչա գյուղ կարելի է միայն ամռանը գնալ, քանի որ տարվա մյուս եղանակներին բարձրլեռնային այս գյուղը տանող ճանապարհները փակվում են։ Այստեղ բնակվող ընդամենը 12 ընտանիքները նախօրոք մթերք են գնում Ախալքալակից կամ հարևան Կուժմանա գյուղում, կաթը փոխանակում են այլ անհրաժեշտ ապրանքների հետ։ «Ազատության» հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ անգամ խանութ չունեն, որ մեզ հյուրասիրեն:

«Գյուղում ժամանակին եղել է խանութ, հիմա չկա: Գյուղի ժողովուրդը քիչ է, դրա համար էլ խանութ չունենք», - պատմեց բնակիչներից մեկը:

Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը գյուղերին ֆինանսներ է հատկացնում բնակիչների թվին համապատասխան: Այս տարի 3 հազար լարին, որը համարժեք է շուրջ 600 հազար դրամի, չի բավականացրել Թաղչայի գլխավոր ճանապարհը վերանորոգելու համար։ Տներում գազ չկա, և դրանք ջեռուցվում են փայտե վառարաններով։

Վատ կենսապայմանների պատճառով հրաժարվում են այս գյուղ գալ վրացի ուսուցիչները, և հիմա տեղի դպրոցում ընդամենը յոթ աշակերտ և հինգ ուսուցիչ կա, որոնք էլ աշխատում են, այսպես կոչված, դասարանների կոմպլեկտավորման սկզբունքով։

Սնխչյանների թոռնիկը սեպտեմբերին գյուղի միակ առաջին դասարանցին է լինելու և, փաստորեն, սովորելու է երկրորդ, երրորդ և չորրորդ դասարանցիների հետ նույն դասասենյակում։

«Դպրոցի վիճակը ոչինչ, բայց հետագայում կարող է փակվի», - նշեց Թաղչայի բնակիչը:

Օվսաննա Սնխչյանը տարրական դասարանների ուսուցչուհի է։ Պատմում է, որ իրենք ստիպված են միանգամից մի քանի առարկա դասավանդել։ Ուսուցիչների բացակայության պատճառով աշակերտները արդեն մի քանի տարի է օտար լեզու չեն սովորում, փոխարենը` սա Սամցխե Ջավախեթիի այն եզակի դպրոցներից է, որտեղ հայոց պատմություն է դասավանդվում։

«Իրավունք չունենք, բայց որպես հայ մենք ամեն տարի․․․ Ես 11 տարի է աշխատում եմ, ամեն տարի հայ ժողովրդի պատմությունը անցնում ենք: Մասնագետներ ունենք, բայց, օրինակ, անգլերենի մասնագետ ընդհանրապես չենք ունեցել: Երեխաները հասել են 5-րդ դասարան, բայց անգլերենը չենք անցել, բաց ենք թողել: Ասենք, մաթեմատիկայի դասատուն կարող է ֆիզկուլտուրա պարապի, կամ մայրենի լեզվի դասատուն, եթե երգեl գիտի․․․», - պատմեց ուսուցչուհին:

Այստեղի, նաև հարակից գյուղերում ապրող մարդկանց միակ զբաղմունքը և ապրուստի միջոցը անասնապահությունն է, սակայն ինչպես գյուղացիներն են նշում` դա բավարար չէ ապրուստի համար։ Տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան։

Օվսաննան պատմում է, որ ամուսնու ուղարկած գումարով իրենք ամեն տարի պլանավորում են տունը վերանորոգել, սակայն մտավախություն ունեն, որ շուտով դպրոցը կփակվի ու այստեղ ապրող վերջին մի քանի ընտանիքները կհեռանան։ Այդ դեպքում Թաղչան կլքեն նաև Սնխչյանները։

«Եթե դպրոց չունեմ, երկու երեխաներիս ի՞նչ եմ անելու: Ստիպված պետք է գնամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Օվսաննա Սնխչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG