Մատչելիության հղումներ

ԼՂ-ում հաստատված սիրիահայերի ընտանիքները անձնագիր ստանալու խնդիրներ ունեն


Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատած սիրիահայերի ընտանիքների ոչ հայազգի անդամները՝ հիմնականում կանայք, հայկական անձնագրեր ստանալու հարցում խնդիրներ ունեն:

Ագոբ Արտինն արդեն երեք տարի է՝ կնոջ և երկու երեխաների հետ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում է բնակվում: Տեղի վարչակազմը նրանց տուն է տրամադրել, սակայն կինը՝ ազգությամբ հույն Ղադա Ֆարհանը, մինչև այժմ անձնագիր չունի:

«Հայաստանում դիմեցինք ՕՎԻՐ և ես անձնագիրը ստացա, երեխաներն անձնագիրը ստացան, բայց կինս չստացավ, որովհետև մկրտության թուղթ չունի, թուղթը մնացել է Հալեպ, թարգմանչի մոտ: Հալեպը քարուքանդ եղած տեղ է, ոչ թարգմանիչը գիտենք ուր է, ոչ բան: Գնացինք ՕՎԻՐ, ամբողջ թղթերը ներկայացրինք, կնոջս թղթերը մեզ վերադարձրին մկրտության թղթի պատճառով»:

Ագոբ Արտինի խոսքով՝ ընտանիքում միայն ինքն է աշխատում ու ստիպված է 70 հազար դրամ աշխատավարձով պահել ընտանիքը: Բուժքրոջ մասնագիտություն ունեցող կինն անձնագիր չունենալու պատճառով դժվարությունների է հանդիպում աշխատանք փնտրելիս:

«Եթե կինս անձնագիր ունենար, իրեն գործ տային, երկու աշխատավարձ կլիներ, մի քիչ ավելի լավ կապրեինք, բայց անձնագիր չունենալու պատճառով գործ էլ չեն տալիս: Էս կինը հույն է, քրիստոնյա հույն է, օրթոդոքս, մուսուլման հույն չկա: Սիրիայի հույն է, մենք սիրիահայ, կինս էլ՝ սիրիահույն», - ասում է նա:

Միակ փաստաթուղթը, որ Ղադա Ֆարհանն ունի, Լեռնային Ղարաբաղի ոստիկանության տեղեկանքն է այն մասին, որ Ֆարհանն անձնագրի կորստի հետ կապված դիմել է անձնագրերի բաժին, որը սակայն որևէ իրավական ուժ չունի:

Հարութ Սեֆերեկլյանն էլ չորս ամիս է, ինչ կնոջ հետ հաստատվել է Բերձորում: Կինը՝ Ռիմի Հադաթը, սիրիացի է: Ճիշտ է՝ Հայաստանի անձնագիր ստանալու համար դեռ չի դիմել, բայց երիտասարդ ընտանիքն արդեն տեղյակ է սպասվող դժվարությունների մասին:

«Երևանում մենք դիմեցինք, բայց բոլորը ասացին, որ չի կարելի, քանի որ ինքը հայկական մկրտություն չունի և դժվար է շատ, ով որ մկրտված չի, անձնագիր ստանալ: Մեր պրոբլեմը էն ա, որ ինքը որ ուզում է երկրից դուրս գա, կարողանա հետ Հայաստան դառնա կամ Ղարաբաղ դառնա: Էդ վախի մեջ ենք: Նույնիսկ իր վիզան հիմա պրծել է, ինքը օրենքով սխալ է այստեղ մնացել», - պատմում է նա:

Սեֆերեկլյանի ցանկությունն այն է, որ սիրիահայերի համար հեշտացված կարգով խնդիրները լուծվեն՝ «հասկանան, որ մենք նեղի մեջ ենք»:

«Մի փոքր խնդիրներ ունեինք, բայց այստեղ վարչակազմի ղեկավարը լուծեց խնդիրները, այնպես չէ, որ բոլոր ժողովուրդը կամ բոլոր ղեկավարները չեն զգում, չեն անում, շատ լավ մարդիկ կան, բայց ամեն ինչ կամաց է ընթանում, մի փոքր բան է, կարող են ավելի արագացնեն, կամաց-կամաց է գնում, կյանքը կամաց է գնում, զարգացումը կամաց է գնում», - ասում է նա:

Հայաստանի Սփյուռքի նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչն է պատճառը, որ տևական ժամանակ Ղարաբաղում ապրող ու պետական աջակցություն ստացած մարդիկ անձնագրեր չեն ստանում: Նախարարությունից խոստացան առաջիկայում պարզաբանումներ ներկայացնել հարցի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG