Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել ակցիզային հարկը


Ակցիզային հարկի օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկումը այսօր խորհրդարանում աննախադեպ իրավիճակ էր ստեղծել։ Ընդդիմադիր պատգամավորներին չզիջելով՝ կառավարությանը քննադատում էին նաև հանրապետական պատգամավորները։

Այս փոփոխությամբ կառավարությունը առաջարկում է բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի, բենզինի և դիզվառելիքի ակցիզային հարկը, ինչպես նաև ակցիզային հարկ սահմանել տրանսպորտային միջոցներում օգտագործվող բնական գազի համար։

Պատգամավորները վստահ էին՝ հարկերի բարձրացման արդյունքում նշված բոլոր ապրանքները թանկանալու են։ Հանրապետականներից հարձակման էին անցել Վարդան Այվազյանը և Հակոբ Հակոբյանը։ Նրանք կառավարության օրինագիծը «փռշտացող» որակեցին, ասացին, որ չի կարելի այսպիսի քայլի գնալ։

«Էլեկտրաէներգիայի գինը չթանկացած, դեռ չհաշված, թե մենք աղքատության ինչ մակարդակ ենք ունենալու և ինչքան պիտի փոխհատուցում տանք, որ աղքատության շեմը չբարձրանա, հիմա էլ բերում ենք սոցիալական ամենանեղ շերտի համար գներ ենք բարձրացնում»,- ասաց Հակոբյանը։

ԱԺ դահլիճում անգամ հաշվարկներ արվեցին, ինչի արդյունքում պատգամավորները պարզեցին, որ օրինակ, մեքենայի գազով լիցքավորումը մոտ 200 դրամով կթանկանա, բենզինի լիտրը՝ 7 դրամով, 10 տոկոսով էլ բարձրացվելու է ծխախոտի և խմիչքի հարկը, ինչը ըստ պատգամավորների՝ նույն չափով կազդի նաև այդ ապրանքների գների վրա։

Այսօր խորհրդարանի դահլիճում այս նախաձեռնությունը պաշտպանում էր միայն մեկ մարդ՝ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, ով հայտարարեց, որ կառավարության եզրակացությամբ հարկի բարձրացումը դրական ազդեցություն կունենա, բյուջեի եկամուտները 9 միլիարդ դրամով կավելանան։

«Դա այն բարձրացումը չէ, որ կարող է գների վրա էական ազդեցություն ունենալ, հավանականությունը մեծ է, որ գների վրա առհասարակ որևէ ազդեցություն չի կարող ունենալ»,- պնդեց նա։

Իսկ ի՞նչ նպատակով է ծախսվելու այդ գումարը. այս հարցին Միրումյանը կոնկրետ պատասխան չուներ։ Պնդումներն էլ, թե թանկացումը էական ազդեցություն չի ունենա, զայրացրեցին ընդդիմադիր պատգամավորներին։ Ինչպե՞ս կարող է վառելիքի գինը չազդել տրանսպորտի սակագնի վրա, հարց էին բարձրացնում պատգամավորները։ Նրանք վստահ էին, որ ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գների բարձրացումն էլ բացասաբար կազդի սպառման ծավալների վրա, որի հետևանքով աշխատատեղեր կփակվեն։

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը որպես հիմնավորում նշում էր՝ ակցիզային հարկը մի քանի տարի չի վերանայվել, անհրաժեշտ է նաև դրանք համապատասխանեցնել Եվրասիական միության ստանդարտներին։

Պատգամավորներն էլ հակադարձում էին, որ Եվրասիական միությունը մաքսային փոփոխություններ է ենթադրում, իսկ կառավարության առաջարկը հարկային ոլորտին է առնչվում։

Թե ընդդիմադիրները, և թե հանրապետականները պնդում էին, որ այս օրինագծին դեմ են քվեարկելու։ Ի վերջո վեճին միջամտեց դահլիճ եկած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Նա ասաց, որ կառավարության հետ պայմանավորվել է՝ օրինագծի վերջնական ընդունումը կտեղափոխեն աշնանային նստաշրջան։

«Սա հնարավորություն կտա, որ կառավարությունը նոր հիմնավորումներ բերի, պատգամավորներն էլ կկարողանան ավելի շատ վերլուծված հանդես գալ»,- ասաց Սահակյանը։

Քննարկման ավարտից հետո դահլիճից դուրս եկած ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ասաց, որ կքննարկեն և կհստակեցնեն օրինագիծը, բայց այն չեղյալ չեն համարի: Նա շարունակեց պնդել, որ հարկի բարձրացումը գների վրա էական ազդեցություն չի ունենա։

«Այստեղ կարևոր է, թե ինչի դիմաց ենք մենք համարում էական կամ ոչ էական։ Եթե մենք համարում ենք, որ պետական բյուջեն ունենալու է 9 միլիարդ դրամ եկամուտ, էդ 9 միլիարդ դրամով կարողանալու ենք ավելի շատ սոցիալական ծախսեր կատարել, այդ թվում` ինչու չէ` նաև վերանայել աշխատավարձերը, թոշակները, հիմա դա էակա՞ն է»,- ասաց փոխնախարարը։

«Ազատության» ճշտող հարցին, թե արդյո՞ք 9 միլիարդը սոցիալական ծրագրերին է ուղղվելու, Վախթանգ Միրումյանը այդպես էլ հստակ պատասխան չտվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG