Մատչելիության հղումներ

«Պետական պարտքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը մտահոգում է ընդդիմադիրներին


Օրինագծում գործադիրն առաջարկում է «պետական» բառը փոխարինել «կառավարության» բառով, և ընդլայնել արտաքին պարտք կուտակելու հնարավորությունը:

«Պետական պարտքի մասին» օրենքում կառավարության առաջարկած երկու բառի փոփոխությունը հարուցել է ընդդիմադիրների մտահոգությունը. օրինագծում գործադիրն առաջարկում է «պետական» բառը փոխարինել «կառավարության» բառով, և ընդլայնել արտաքին պարտք կուտակելու հնարավորությունը:

Գործող օրենքը թույլ չի տալիս, որ կառավարության և Կենտրոնական բանկի վերցրած պարտքերը միասին, այսինքն՝ Հայաստանի պետական պարտքը, գերազանցի երկրի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը: Իսկ եթե պետության պարտքը հասել է համախառն ներքին արդյունքի կեսին, այդ դեպքում սահմանափակում է դրվում բյուջեի դեֆիցիտի վրա՝ այն չպետք է գերազանցի երեք տոկոսը: Բոլոր այն գործարքները, որ կխախտեն այս սահմանափակումները, ըստ օրենքի, պետք է առ ոչինչ համարվեն։ Ահա կառավարությունն առաջարկում է օրենքի սահմանափակումները տարածել ոչ թե ողջ պետական պարտքի, այլ դրա մեկ բաղադրիչի՝ միայն կառավարության վերցրած պարտքի վրա՝ հաշվարկներից դուրս թողնելով Կենտրոնական բանկի վերցրած վարկերը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ) Միքայել Մելքումյանն ասում է, որ դեմ են օրինագծին։ Ըստ Մելքումյանի, կառավարության բերած փաստաթղթից կարելի է ենթադրել, որ գործադիրը հաջորդ տարի բյուջետային ավելի մեծ պակասուրդ է ակնկալում, կամ Հայաստանի պարտքը մոտենում է օրենքով արգելված սահմանագծին։

«Բնականաբար դեմ պետք է լինենք դրան, որովհետև դրանից բխում է այն, որ կառավարությունը արհեստական փորձում է իր մեթոդաբանական հնարքներով վիճակագրական, իր ռիսկայնությունն իջեցնի համախառն ներքին արդյունքի նկատմամբ, որը, իհարկե, այս փուլում համակողմանի քննարկման լուրջ նյութ է։ Ես ուղղակի ենթադրում եմ, որ լրացուցիչ վարկեր են ներգրավվում, հիմա չեմ ուզում ոլորտներն ասել և այս պահին ես խնդիր եմ տեսնում, և չենք կարող կողմ լինել նախագծին», - ասաց Մելքումյանը։

Մայիս ամսվա տվյալներով, Հայաստանի պետական պարտքը 4.6 միլիարդ դոլար է, ինչն անցյալ տարվա ՀՆԱ-ի մոտ 42 տոկոսն է կազմում: Կառավարությունը շարունակում է նորանոր պարտքեր վերցնել, իսկ միջազգային ֆինանսական կազմակերպությունները Հայաստանի տնտեսության վերաբերյալ լավատեսական կանխատեսումներ չեն անում:

Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանը համաձայն չէ այն ենթադրությունների հետ, թե առաջիկայում Հայաստանը կանգնելու է օրենքով սահմանված պարտքի չափն անցնելու վտանգի առջև: «Իհարկե, ո՛չ։ Դա ոչ թե չի կարող լինել, դա չի կարող լինել երբե՛ք», - ասաց Մինասյանը։

Նա առաջարկվող փոփոխությունները բացատրում է հայաստանյան օրենսդրությունը եվրոպականին և եվրասիականին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը հակադարձում է՝ նշելով, որ այդքան պարզունակ պետք չէ ներկայացրել խնդիրը։ Ըստ Մինասյանի, կառավարության օրինագիծը զուտ տեխնիկական փոփոխություն չի նախատեսում և լուրջ մտահոգություններ է առաջ բերում:

Պատգամավորի խոսքով, նախ առաջարկվող փոփոխություններով Կենտրոնական բանկը կհայտնվի պետական պարտքի սահմանափակումների դաշտից դուրս, ինչը թույլ կտա այդ կառույցին անվերահսկելի պարտք կուտակել, և երկրորդ՝ օրինագիծը կխորացնի հասարակության բացասական սպասումները։

«Սա նշանակում է, որ հասարակությունը է՛լ ավելի է բացասական սպասումներով տոգորվելու, որովհետև, եթե պետությունը գնում է այն քայլին, որ հանում է այդ սահմանափակումը, նշանակում է այնքան վատ է վիճակը, որ ստիպված արտաքին պարտքի մասով մտածում ենք՝ էլ որտեղի՞ց գումար ճարենք։ Անիմաստ, անհեթեթ և հասարակությանը բացասականից ավել բան չտվող օրենքի նախագիծ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը։

«Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը կառավարության ներկայացրած փաստաթուղթը «անճարության» օրինագիծ է որակում։ Ասում է, եթե օրենքը հապճեպ փոխելու խնդիր է ծագել, ուրեմն Հայաստանի պետական պարտքն արդեն մոտ է վտանգավոր սահմանագծին, որից այն կողմ պետությանը կարող է փակցվել անվարկունակի պիտակը:

Պատգամավորի խոսքով, «Պետական պարտքի մասին» օրենքը ստեղծված իրավիճակին համապատասխանեցնելու փոխարեն, անհրաժեշտ էր ժամանակին ճիշտ հաշվարկներ կատարել․ - «Միշտ ասում էին՝ կառավարվող շրջանակի մեջ է, ամեն ինչ լավ է, մտավախություններ մի ունեցեք, բայց, փաստորեն, մտավախության խնդիրը առաջինը մենք չունեցանք, եղավ կառավարության կողմից, որ գիտակցությունում կա, որ այլևս այդ օրենքը չի թույլ տալու վարել այն քաղաքականությունը, որով իրենք ծրագրավորում են առաջիկա ժամանակները և փորձում են փոփոխություններ անել», - ասաց Պողոսյանը։

Արծվիկ Մինասյանը կարծում է, որ պետական պարտքի մասին օրենքի ձևական փոփոխությունների փոխարեն, պետք է հիմնովին վերանայվի պարտքային քաղաքականությունը․ - «Այս օրենքը պետք է հանվի, հետ գնա: Եթե չեն ուզում նոր ծրագիր բերեն, նոր կառավարության կազմով, ապա աշնանը՝ բյուջետային փաթեթի ժամանակ, ներկայացվի, բայց ոչ թե զուտ ձևական այս փոփոխությունը, այլ ամբողջական, խորքային «Պետական պարտքի մասին» օրենքը պետք է վերանայվի», - ասաց Մինասյանը։

XS
SM
MD
LG