Մատչելիության հղումներ

Բորդյուժա․ Հայաստանը անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ից կստանա օգնություն


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա, արխիվ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա, արխիվ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հավաստմամբ՝ Հայաստանը նման օգնություն կարող է ակնկալել «իր տարածքում իրավիճակի բացասական զարգացման դեպքում»:

Հայաստանը կստանա օգնություն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա, հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, որը իրավունք ունի իր դաշնակիցներից ստանալ ամբողջ անհրաժեշտ օգնությունը իր տարածքում իրավիճակի բացասական զարգացման դեպքում», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բորդյուժան «Ռոսիա սեգոդնյա» գործակալության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունների վերաբերյալ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ հիմնախնդրի լուծմամբ պետք է զբաղվի ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, իսկ այլ հաստատություններ այդ հարցին չպետք է միջամտեն:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման շրջանակում գոյություն ունեն և ստեղծվել են միջազգային մեխանիզմներ, այդ թվում՝ Մինսկի խումբը: Այն զբաղվում է այդ ձգձգվող հակամարտությունից ելքի հարցի մանրակրկիտ մշակմամբ, այդ հիմնախնդրի՝ երկու կողմերի համար փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմամբ: Խորապես վստահ եմ, որ այլ հաստատություններ դրան այսօր չպետք է մասնակցեն՝ ինչ-որ խառնաշփոթ չմտցնելու համար», - ընդգծել է Նիկոլայ Բորդյուժան:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ դա արվում է Հայաստանի հետ հավասարակշռության պահպանումը հաշվի առնելով:

«Ես գիտեմ, որ ռուսաստանյան արտադրողների կողմից զենքի վաճառքը (Ադրբեջանին) իրականացվում է Ռուսաստանի ղեկավարության որոշմամբ, սակայն հաշվի առնելով հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը: Եվ սպառազինության վաճառքի վերաբերյալ անհատապես յուրաքանչյուր որոշման ընդունման ժամանակ հաշվի է առնվում առաջին հերթին այդ գործոնը՝ (Հայաստանի հետ) հավասարակշռության պահպանումը», - ասել է Բորդյուժան՝ մեկնաբանելով տեղեկատվությունը, որ Հայաստանում անհանգստացած են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքով:

«Բացի այն, որ զենք է գնում Ադրբեջանը, զենք է մատակարարվում և վաճառվում Հայաստանին՝ բավական մեծ քանակով: Եվ դա թույլ է տալիս ինչ-որ կերպ պահպանել հավասարակշռությունը՝ չազդելով պետությունների տնտեսական շահերի վրա», - հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG