Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունն այսօր իրազեկման ավտոերթ կանցկացնի


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 17-ը հունիսի, 2015թ.

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 17-ը հունիսի, 2015թ.

«Ամսի 19-ին դուրս ենք գալու՝ տեր կանգնելու մեր պահանջին, որ ի սկզբանե եղել է՝ չթանկացնել ոչ մի լումա», - երեկ «Ազատություն TV»-ի հետ զրույցում հայտարարեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը։

Քաղաքացիական նախաձեռնությունն այսօր նախատեսում է իրազեկման ավտոերթ անցկացնել վաղը նախատեսված հանրահավաքի մասին։

«Արդեն նախադեպեր ունենք բազմաթիվ, երբ որ եղել են որոշումներ, որոնք բեկանվել են՝ քաղաքացիների համառ պայքարի շնորհիվ, այս դեպքում նույնպես բոլորովին խնդիր չէ երեկ հրապարակված որոշումը, որը ուժի մեջ է մտնելու մեկ ամիս հետո, չեղյալ համարել։ Սա բոլորի խնդիրն է, բոլորին կոչ ենք անում լինել հրապարակում», - ասաց Սարգսյանը։

Վերջին երեք տարիներին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց երրորդ անգամ, ընդ որում, երեք տարիների ընթացքում՝ մոտ 60 տոկոսով։ «Ազատության» հարցին, թե ոլորտում ի՞նչ փոխվեց այդ ժամանակամիջոցում, և ի՞նչ հետևանք կունենա այս թանկացումը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. - «Ոչ մի բան չի փոխվել, որովհետև ինչպես իշխանությունների ախորժակը՝ հավելյալ գումարներ աշխատելու անօրինական, եղել է, այդպես էլ մնում է, փոխվել է բացասական առումով մի բան, որ մեր ապրանքներն ավելի նվազ մրցունակ են դարձել, և այս թանկացումը, բնականաբար, շղթայական թանկացումների է բերելու»։

Մաքսիմ Սարգսյանն էլ հավելեց, որ հոսանքի թանկացմանը հաջորդելու է նաև ջրի թանկացումը, ինչն էլ, իր հերթին, բերելու է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում։

«Արդեն փորձը ցույց տվեց, որ մի քանի թանկացումներից հետո էլեկտրաէներգիայի որակն անգամ չբարելավվեց։ Այսինքն՝ բոլորիս մոտ կան տատանումներ, դրանից տուժում ենք մենք, մեր տեխնիկան։ Չի փոխվում որևէ բան։ Եթե, օրինակ, նախորդ թանկացումների դեպքում լիներ բարելավում՝ փտած էլեկտրասյուներ փոխեին, լարեր, տեսնեինք, որ գործ է արվում, գոնե կհասկանայինք, որ՝ այ տե՛ս, թանկացրեցին, բայց որակապես լավացավ հոսանքը, բայց այդ արդյունքը չենք տեսնում մենք, որ գոնե աչք փակենք մնացած բանի վրա։ Այսինքն՝ ակնհայտ թալան է, թանկացնում են գրպաններն ավելի շատ լցնելու համար», - ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամը։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Նազարյանի ղեկավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ միաձայն քվեարկեց էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու օգտին:

XS
SM
MD
LG