Մատչելիության հղումներ

logo-print

ՆԱՏՕ-ն մեծացնում է իր ներկայությունը դաշինքի արևելյան մասում


Ռուսաստանի ռազմատենչ հռետորաբանությունը վտանգավոր և ապակայունացնող է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, թե դա է պատճառը, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ամրապնդում է ուժերի պատրաստվածության մակարդակը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանի միջուկային ուժերը կհամալրվեն 40 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով։

«Մենք մեծացնում ենք մեր ներկայությունը դաշինքի արևելյան մասում՝ ի պատասխան նոր փոփոխված անվտանգության ճարտարապետությանը, ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի առավել համառ վարքագծին: Այն ամենը, ինչ մենք անում ենք, լիովին համապատասխանում է մեր միջազգային պարտականություններին և համաձայնագրերին»,- ասել է Ստոլտենբերգը:

Նախօրեին ելույթ ունենալով «Բանակ 2015» ռազմատեխնիկական համաժողովին՝ Պուտինը նշել է, որ նոր հրթիռները կկարողանան հաղթահարել տեխնիկապես կատարելագործված հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ։

«Հայտարարությունները, որոնք մենք լսեցինք նախագահ Վլադիմիր Պուտինից, միայն հաստատում են վարքագիծը, որին հակված է Ռուսաստանը բավականին երկար ժամանակ: Ռուսաստանի այդ պատերազմական հռետորաբանությունն արդարացված չէ»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ռուսական զինված ուժերի միջուկային զինանոցը նոր նմուշի բալիստիկ հրթիռներով համալրելու մասին Կրեմլի ղեկավարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Պենտագոնը հաստատել է իր պլանները Արևելյան Եվրոպայի և բալթյան մի շարք երկրներում իր ռազմական ներկայությունը ընդլայնելու վերաբերյալ։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը երկուշաբթի հայտարարեց, թե Արևելյան Եվրոպա սպառազինություններ ուղարկելու հարցի քննարկումը գտնվում է սկզբնական փուլում: Նա մեկնաբանել է ԱՄՆ-ի որոշումը՝ նշելով, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի կանոնադրության համաձայն, ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելու պարտավորություն ունի:

Արևելյան Եվրոպայում ամերիկյան ռազմական տեխնիկայի հայտնվելու դեպքում այն կդառնա պատմական իրադարձություն, քանի որ «սառը պատերազմի» ավարտից հետո ԱՄՆ-ը Խորհրդային Միության նախկին անդամ երկրներին նման ռազմական աջակցություն երբեք չէր ցուցաբերել:

Ավելի վաղ Լեհաստանը, Էստոնիան, Լիտվան և Լատվիան դիմել էին Միացյալ Նահանգներին՝ խնդրելով իրենց տարածքներում զինուժ և տեխնիկա տեղակայել՝ Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակումներին դիմակայելու նպատակով։ Այս երկրները սկսեցին զգուշանալ Ռուսաստանից՝ Ղրիմի բռնակցումից հետո, որին հաջորդեց Ուկրաինայի արևելքի հակամարտությունը։

Պենտագոնի պլանները հարուցեցին Կրեմլի զայրույթը։ Ռուսական իշխանությունները նախկինում էլ էին զգուշացնում, որ Մոսկվան անմիջապես է արձագանքելու Արևելյան Եվրոպայում, ներառյալ մերձբալթյան երկրներում ծանր զինտեխնիկայի տեղակայման շուրջ պլաններին։ Կրեմլը հորդորում է չկարծել, թե սպառազինությունների մրցավազք են սկսում Արևմուտքի հետ: Պարզապես Ռուսաստանը փորձում է ինչ-որ կերպ արձագանքել հնարավոր սպառնալիքներին, սակայն ոչ ավելին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

Արևմտյան փորձագիտական շրջանակներում համոզված են, որ եթե նույնիսկ մրցավազք է սկսվել, ապա այն շատ դանդաղ է, քանի որ առանձնապես չի զգացվում, որ կա ցանկություն ներդրումներ անելու զինտեխնիկա ձեռք բերելու համար, ինչպես, օրինակ, «սառը պատերազմի» տարիներին էր։

Փորձագետների համոզմամբ՝ տնտեսական ճգնաժամի պայմաններում Կրեմլն ի վիճակի չէ ձեռք բերել նույնիսկ այն տեխնիկան, ինչը Պուտինը խոստացել է 2020 թվականի համար։

Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև լարվածությունը մեծանում է Ուկրաինայի արևելքում շարունակվող բռնություններին զուգահեռ։ Դաշինքի անդամ երկրների առաջնորդները մեղադրում են Կրեմլին՝ Ուկրաինայի արևելքի անջատականներին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակի կայունացմանն ուղղված հերթական բանակցությունները գնահատվել են զգուշավոր լավատեսությամբ։ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հայդի Տալյավինին ասել է, որ առաջընթաց կար, սակայն բեկում չեղավ։ Դրա համար դեռ աշխատել է պետք, ասել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG