Մատչելիության հղումներ

Մահացած 4-ամյա փոքրիկի հարազատները մեղադրում են բժշկին


Բժշկի պնդմամբ՝ երեխայի մահվան պատճառը ինֆեկցիոն տոքսիկ շոկն է։

Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում երեկ մահացած 4-ամյա աղջնակի մահվան պատճառը, տատիկի պնդմամբ, բժշկական սխալն է եղել:

4-ամյա Կարինե Հովհաննիսյանը հոսպիտալացվել էր ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանիշներով: Տատիկը՝ տիկին Կարինեն պատմեց, որ երեխան նախորդ օրը հավի բուդ և պաղպաղակ էր կերել: Գիշերը նրա ինքնազգացողությունը վատացել է: Հաջորդ օրը դիմել են բժշկի․ ընտանիքը պնդում է՝ երեխան իր ոտքով է բարձրացել ինֆեկցիոն բաժանմունք:

«Թող ինքը բացատրի, որ երկրորդ անգամ, երբ ստամոքսի լվացում էր անում, ո՞ւր գնաց ջուրը, ինչի՞ հետ չեկավ։ Ինչի՞ է ռեանիմացիայի բժիշկն ասում՝ էրեխու թոքերը ջրի մեջ են։ Ինչի՞ առաջին անգամ էկավ, թափեց, երկրորդ անգամ չեկավ»,- հարցնում էր տատիկը։

Երեխայի մահվան պատճառը ինֆեկցիոն տոքսիկ շոկն է եղել, «Ազատության» հետ զրույցում ասաց ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, 4-ամյա աղջկան բուժող բժիշկ Անահիտ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ մահը վրա է հասել թույների մասիվ քանակի և արյուն ներթափանցման պատճառով: Պետրոսյանը, սակայն, իր խոսքում հստակ չասաց, թե ինչ վիճակում են ընդունել երեխային: Մեկ անգամ նա նշեց, թե վիճակը ծանր է եղել, քիչ ավելի ուշ պնդեց՝ միջին ծանրության: Վերջում ընդունեց՝ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր չի եղել:

«Գրկած բերել են, գլուխը քցած չի եղել, ծայրահեղ ծանր վիճակում չի եղել»,- ասաց Պետրոսյանը՝ բացառելով, որ երեխայի մահը կարող էր վրա հասնել բժշկական սխալի պատճառով.- «Միանշանակ բացառում եմ, որովհետև մենք գործ ունենք ինֆեկցիոն տոքսիկ շոկի հետ, որը կարող է կայծակնային բնույթ կրել և անմիջապես զարգանալ։ Այսինքն միկրոբների մասիվ թափանցումը արյան մեջ կարող է հանգեցնել շոկային վիճակի և կայծակնային մահվան։ Երեխային ուշ են բերել։ Գիշերվանից է սկսվել։ Այստեղ կապ ունի միկրոբների, տոքսինների քանակը, երեխայի դիմադրողականությունը և, իհարկե, ուշացնելը»։

Կարինեի տատիկը, որ երեխայի կողքին է եղել մինչև վերջին վայրկյանը, հակադարձում է՝ եթե երեխան ուշ է տեղափոխվել հիվանդանոց, եթե բժիշկներն արդեն իսկ վտանգ են տեսել, ինչո՞ւ է երեխան վերակենդանացման բաժին տեղափոխվել 4-5 ժամ հետո միայն, երբ մի քանի անգամ երեխային հոգնա, ստամոքսի լվացում և այլ ներարկումներ են արել:

«Ինքը իմ թոռին իմ աչքի դեմը սպանեց, բացահայտ իրեն մեղադրանք եմ ներկայացնելու։ Հա, չեմ հերքում, էրեխեն թունավորված է եղել, բայց ոչ էն աստիճան... եթե էդ աստիճանի էր, թող հանեին ռեանիմացիա, ինչի՞ են պահել իրա մոտ»,- ասաց նա։

Երեխայի տատիկը չի հավատում, որ երեխան մահացել է ինֆեկցիոն տոքսիկ շոկի պատճառով։ Նրա պնդմամբ՝ վերակենդանացման բաժնի բժիշկն իրեն անձամբ է ասել՝ երեխայի թոքերը ջուր է լցվել:

Բժիշկ Պետրոսյանը չի ցանկանում խոսել մահվան պատճառի այս վարկածի մասին: Ասաց, թե կսպասի դիահերձման արդյունքներին:

Ի դեպ, նույն օրը Արմավիրի բժշկական կենտրոնից մեկ այլ երեխա է տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն գրեթե նույն՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանիշներով: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ երեխայի վիճակը ծանր է, նա կոմայի մեջ է: Մեր այցելության պահին աղիքային վարակի ախտանիշներով 10-11 երեխա բուժում էր ստանում ինֆեկցիոն բաժանմունքում:

Վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի տասնյակ երեխաներ են տեղափոխվել այս հիվանդանոց, անգամ մանկապարտեզներ փակվեցին, քրեական գործեր հարուցվեցին:

Այսօր Արմավիրի բժշկական կենտրոն է այցելել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Մուրադյանը հանձնարարել է բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սահմանել մանկական ռեանիմատոլոգի մշտական հերթապահություն` սուր աղիքային վարակի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն արագ կազմակերպելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG