Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մասնակցել է Տիգրան Պետրոսյանի ծննդյան 86-ամյակին նվիրված միջոցառումներին


Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ մասնակցելու շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնի ծննդյան 86-ամյակին նվիրված միջոցառումներին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հայ անվանի շախմատիստի հիշատակին` ծաղիկներ դրել Տիգրան Պետրոսյանի կիսանդրու դիմաց, այնուհետև շախմատի տան առաջին հարկում դիտել է արագ շախմատի ավագ մասնակիցների (վետերանների) մրցաշարը, ինչից հետո դահլիճում հետևել է արագ շախմատի կրտսեր մասնակիցների մրցաշարին:

Միջոցառման շրջանակում Ռուսաստանի Դագոմիս քաղաքում հունիսի 1-9-ը անցկացված «Սպիտակ նավակ» շախմատի միջազգային թիմային պատանեկան մրցաշարում հաղթած պատանի շախմատիստները՝ Արթուր Դավթյանը, Դավիթ Միրզոյանը, Սամվել Խաչատրյանը և Արփինե Գրիգորյանը նախագահի կողմից պարգևատրվել են արժեքավոր նվերներով՝ համակարգիչներով, իսկ թիմի մարզիչ Սամվել Միսակյանը ստացել է դրամական պարգև:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է շախմատը ՀՀ կրթական համակարգ ներգրավելուց հետո դպրոցներում այդ առարկայի դասավանդման արդյունավետությունը, շախմատ առարկայի ազդեցությունը երեխաների տրամաբանության, արագ կողմնորոշվելու, ճկունության, մտքի զարգացման և այլ հատկանիշների վրա:

Շախմատի տանը Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Տիգրան Պետրոսյանին նվիրված՝ «Այսպես դարձանք գերտերություն» գրքի շնորհանդեսին:

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը միջոցառումների ավարտին հանդիպում է ունեցել նաև Շախմատի ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG