Մատչելիության հղումներ

Երեկ հրապարակված տեղեկատվությունից հետո մինչև կեսգիշեր Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել ևս երկու երեխա` կրկին սուր աղիքային վարակի կասկածով, հաղորդում է Առողջապահության նախարարությունը։

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ հիվանդանոցային բուժում ստացող բոլոր երեխաները գիշերը գտնվել են մասնագետների մշտական հսկողության ներքո, նրանց վիճակը գնահատվել է կայուն։ Կազմակերպված բուժման արդյունքում Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքում գտնվող երեխաների մոտ առկա է առողջացման դրական տեղաշարժ։

«Մասնագետները տեղում իրականացրել են համաճարակաբանական մանրակրկիտ և ծավալուն աշխատանքներ։ Վարակի աղբյուրը պարզելու նպատակով իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ։ Համաճարակաբանական ուսումնասիրությունների արդյունքում մասնագետներն արձանագրված դեպքերի միջև փոխկապակցվածություն չեն տեսնում», - ասված է նախարարության հաղորդագրությունում։

«Կոմայի մեջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված փոքրիկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Համակարգչային տոմոգրաֆիական հետազոտության արդյունքում ախտորոշվել է ուղեղի այտուց։ Երեխային զննել է նաև այս օրերին Հայաստանում գտնվող Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը։ Նրա մասնակցությամբ գիշերը կազմակերպվել է կոնսիլիում։ Վիրահատության կամ որևէ այլ միջամտության անհրաժեշտություն չի եղել։ Երեխան շարունակում է ստանալ ինտենսիվ բուժում կյանքի ֆունկցիաները պահպանելու և վերահսկելու ուղղությամբ։ Նշենք, որ տղան ծնվել է առողջական խնդիրներով, մի քանի անգամ երկարատև բուժում է ստացել հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարբեր հիվանդանոցներում։», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG