Մատչելիության հղումներ

logo-print

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բաքվից մեկ արծաթե մեդալով վերադարձավ


Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատվիրակությունը Բաքվից վերադարձավ մեկ արծաթե մեդալով։

Ադրբեջանում անցկացվող առաջին Եվրոպական օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի դեռևս միակ մեդալակիր Միհրան Հարությունյանին, ըմբիշներ Ռոման Ամոյանին, Մաքսիմ Մանուկյանին և Կարապետ Չալյանին Հայաստանում մարզասերները և մարզաշխարհի ներկայացուցիչները դափնիներով դիմավորեցին։

26-ամյա Հարությունյանը կիսաեզրափակիչ գոտեմարտում 8։5 հաշվով հաղթեց Հասան Ալիևին` չնայած դահլիճի մեծ ճնշմանը: Առաջին մրցափուլից հետո ադրբեջանցին հաղթում էր 3:0 հաշվով, սակայն հայ ըմբիշին հաջողվեց կամային հաղթանակ տանել։

Եզրափակիչում Հարությունյանը 0:2 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ 21-ամյա Արտյոմ Սուրկովին: Առաջին մրցափուլն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ երկրորդում ռուսաստանցի ըմբիշը վաստակեց 2 միավոր: Արդյունքում Միհրան Հարությունյանն արծաթե մեդալով բավարարվեց Ադրբեջանում ընթացող Եվրոպական մարզական խաղերում։

66 կգ քաշային կարգի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հպարտ է տարած հաղթանակներով և ուրախ է վերադառնալ հայրենիք։

«Ես եկա Հայաստան և շատ հպարտ զգացի իմ ժողովրդի ընդունելությունից։ Իսկ Բաքվի դահլիճի, խաղերի մասին կասեմ, որ, իհարկե, շատ ծանր էր, բայց գիտեի ինչ սպասել։ Մենք գնացինք Ադրբեջան և բոլորս միասին հաղթահարեցինք դժվարությունները։ Միասնական կերպով օգնում էինք միմյանց։ Դահլիճը գոռում, գոչում էր, իսկ ես նրանց ժպտում էի, անգամ չարություն չունեի նրանց նկատմամբ։ Իմ բախտը բերեց, կարողացա մեդալ նվաճել, ցավոք, ոսկե չէ, բայց կարծում եմ՝ շատերին ուրախություն պատճառեց»,- ասաց ըմբիշը։

Չնայած այս հաղթանակին, Հարությունյանը, չլինելով Հայաստանի հավաքականի առաջին համար, դեռևս չգիտի՝ արդյոք ինքը կմասնակցի՞ Լաս Վեգաս կայանալիք աշխարհի առաջնությանը, թե՞՝ ոչ։ Այժմ ընտրությունը կայանում է Հայաստանի չեմպիոն Արամ Ջուլֆալակյանի և իր միջև։

«Հայաստանի առաջնությանը առողջական խնդիրների պատճառով չմասնակցեց, սակայն հաղթեց Արամ Ջուլֆալակյանը։ Եթե չեմ սխալվում, հենց ինքն էլ հարցազրույցում նշեց, որ հավաքականի լավագույնը կորոշվի միջազգային մրցաշարերում։ Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ՝ ես կգնամ աշխարհի առաջնություն, Արամը, թե մեկ ուրիշը։ Մարզիչները կորոշեն, թե տվյալ պահին ով է ավելի ուժեղ, և նա էլ կգնա։ Հիմա կարծում եմ՝ ինձ ոչ ոք Հայաստանում չի կարող հաղթել։ Սակայն եթե մարզիչները զգան, ու նաև ես զգամ, որ պատրաստ չեմ գնալ աշխարհի առաջնություն, չեմ գնա. եթե գնամ ու տապալվեմ՝ և՛ ինձ կվնասեմ, և՛ իմ երկրին»,- ասաց Հարությունյանը։

Պատվիրակության ամենափորձառու ըմբիշը՝ Ռոման Ամոյանը, վնասվածքներով վերադարձավ Բաքվից։ Սա նրա առաջին գորգը չէր Բաքվում։ Ամոյանը 2007-ին մասնակցել էր աշխարհի առաջնությանը Ադրբեջանում, նա գիտեր ինչ ակնկալել։

«Այնպես չէ, որ թեյ ու խմորեղեն են բերելու մատուցեն, էնպես է, որ գիտենք՝ ուր ենք գնում և ինչ արգելքներ են լինելու։ Բոլոր կողմերից լինելու են ճնշումներ։ Մրցագորգում մրցավարն էր խանգարելու, թե իրենց ֆինանսները, ամեն ինչը։ Բայց փառք Աստծո, մեր տղաները այնպիսի ոգով են գոտեմարտում, որ արդյունքը տեսաք»,- ասաց Ամոյանը։

Այն հարցին, թե ինչպե՞ս էր թիմն իրեն զգում առանց գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի անմիջական օժանդակության Բաքվում, Ամոյանը պատասխանեց.- «Նրա խորհուրդները միանշանակ օգնում են թիմին»։

Այսօրվանից Բաքվում գորգ դուրս կգա Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG