Մատչելիության հղումներ

Կյանքից հեռացել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը


Կյանքից հեռացել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը
please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00

Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը կյանքից հեռացավ անցած գիշեր` Անկարայի «Գյուվեն» հիվանդանոցում: 90-ամյա Դեմիրելը հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի կեսերին` սրտի և շնչառական ուղիների խնդիրներով:

«Պարոն նախագահը վախճանվել է այս գիշեր` ժամը 2-ն անց 9 րոպեին: Մինչև վերջին պահը պարոն Դեմիրելը չի կորցրել գիտակցությունը և կյանքից հեռացել է հպարտորեն և խաղաղությամբ», - առավոտյան հայտարարեց նախկին նախագահի բուժող բժիշկներից մեկը` Այլին Ջեսուրը` չկարողանալով զսպել հուզմունքը:

Դեմիրելի մահը ազդարարում է ռազմական հեղաշրջումներով, տնտեսական ճգնաժամերով և ահաբեկչական գործողություններով առատ մի ողջ դարաշրջանի վերջնական ավարտը:

Սուլեյման Դեմիրելը մոտ կես դար տևած քաղաքական գործունեության ընթացքում յոթ անգամ զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը, երկու անգամ` 1971 և 1980 թվականներին այդ պաշտոնից հեռացվել է ռազմական հեղաշրջումների հետևանքով:

Պարզ լեզվով արտահայտվելու կարողության, փոքր-ինչ կոպիտ կատակների և թևավոր խոսքերի համար ժամանակակիցները Դեմիրելին անվանում էին «Չոբան Սուլու»: Նրա քաղաքական հայտարարությունները շատ հաճախ հակասում էին իրար, ինչը, սակայն, Դեմիրելին քիչ էր հուզում: Մի անգամ բացատրելով, թե ինչու է հաճախ փոխում իր տեսակետը, Թուրքիայի 9-րդ նախագահը հայտարարեց․ - «Երեկը երեկ էր, այսօր այսօրն է»:

Դեմիրելը թուրքական կառավարությունը ղեկավարում էր նաև Խորհրդային Միության փլուզման շրջանում: Այդ տարիներին հենց նա էր Ադրբեջանի և Միջին Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ հարաբերությունների սերտացման գլխավոր ջատագովներից մեկը: Այդ քաղաքականությունը Դեմիրելը շարունակեց նաև Թուրգութ Օզալի մահվանից հետո, երբ ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը: Պաշտոնավարման յոթ տարիների ընթացքում նա մի քանի անգամ այցելեց Բաքու, բավական սերտ անձնական հարաբերություններ էր հաստատել Հեյդար Ալիևի հետ:

Որպես հետևանք՝ Հայաստանի հետ հարաբերություններում Դեմիրելը կոշտ գծի կողմնակից էր: Հենց նրա վարչապետության օրոք էր, որ վերջնականապես փակվեց հայ - թուրքական սահմանը: Հայկական կողմի բոլոր փորձերը` բանակցությունների միջոցով մեղմել Դեմիրելի մոտեցումները, անարդյունք էին:

1995-ի աշնանը Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև Նյու Յորքում տեղի ունեցած բանակցությունների մանրամասներն իր «Անկախության ճանապարհով» գրքում այսպես է ներկայացնում այդ հանդիպմանը մասնակցած Վարդան Օսկանյանը՝ 1998 - 2008 թվականներին Հայաստանի արտգործնախարարը․ - «Հոկտեմբերի 23-ին Նյու Յորքում Տեր-Պետրոսյանը հանդիպեց Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ: Հայաստանի անկախացումից հետո դա Հայաստանի ու Թուրքիայի նախագահների առաջին հանդիպումն էր: Մինչ այդ՝ 1993 թվականի ապրիլին Տեր-Պետրոսյանը Թուրքիայում մասնակցել էր Թուրղութ Օզալի թաղման արարողությանը: Տեր-Պետրոսյան - Դեմիրել հանդիպման առաջին իսկ պահից լարված մթնոլորտ էր: Դեմիրելը փորձում էր հանդես գալ մեծ տերության ներկայացուցչի դիրքերից և անընդհատ «հայրական» խրատներ էր տալիս Տեր-Պետրոսյանին Լեռնային Ղարաբաղի, հարակից տարածքների, ինչպես նաև հայ - թուրքական հին ու նոր հարաբերությունների մասին: Տեր-Պետրոսյանը, բնականաբար, հակադարձում էր այդ ամենին` իրեն բնորոշ հանդարտ, բայց սուր ու համոզիչ ոճով: Հանդիպումն արդյունք չտվեց: Դեմիրելի որդեգրած ոճից ու տրամաբանությունից խորը հիասթափված՝ մենք հեռացանք հանդիպման սենյակից: Վերելակում, երբ արդեն իջնում էինք, քար լռություն էր: Տեր-Պետրոսյանի թիկնապահ Ռոմիկը կատակեց. - «Դարդ մի՛ արա, շե՛ֆ, շուտով սրա թաղմանն էլ կգնանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG