Մատչելիության հղումներ

Բարսեղյանը զիջեց ադրբեջանցուն դիտարժան գոտեմարտում


Բաքվում շարունակվող առաջին Եվրոպական խաղերում այսօր մրցելույթներն սկսեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին:

57 կիլոգրամ քաշային Գարիկ Բարսեղյանը քառորդ եզրափակիչում 6:10 հաշվով պարտվեց ադրբեջանցի Յաշար Ալիևին: Ադրբեջանցի ըմբիշը փոքր-ինչ ավելի հարձակողական ոճով էր հանդես գալիս և ավելի ուժեղ էր գտնվում նաև պաշտպանությունում, չնայած Գարիկ Բարսեղյանը վերջին վայրկյաններին փորձեց ևս մեկ հնարք կատարել և միավոր վաստակել, սակայն ժամանակը չբավականացրեց: Գոտեմարտի ավարտին երկու ըմբիշները ձեռք ձեռքի տվեցին և խաղաղ ավարտեցին հանդիպումը: Միջազգային մասնագետներն այս գոտեմարտը համարեցին ազատ ոճայինների պայքարի հիանալի մեկնարկ:

Եթե ադրբեջանցի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Բարսեղյանը հնարավորություն կստանա պայքարելու բրոնզե մեդալի համար:

Հունիսի 17-ին պայքարի մեջ մտած Գրիգոր Գրիգորյանը (74կգ) և Դավիթ Սաֆարյանը (65կգ) ևս պարտություններ կրեցին: Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:11 հաշվով պարտվեց բուլղարացի Կիրիլ Տերզիևին: Իսկ 2013-ի աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 65կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում 6:8 հաշվով պարտվեց բուլղարացի Բորիսլավ Նովաչկովին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Բաքվում վաղը պայքարի դուրս կգան Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Մուսա Մուրթազալիևը (86կգ) և Լևան Բերիանիձեն (125կգ):

Ա. Մ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG