Մատչելիության հղումներ

Սուր աղիքային ինֆեկցիայի դեպքեր Արմավիրում, մեկ երեխա մահացել է


Հիվանդանոց, արխիվ

Հիվանդանոց, արխիվ

Երեկ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղից 4-ամյա աղջիկ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով, հաղորդում է Առողջապահության նախարարությունը։

Ըստ նախարարության, երեխայի վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Աղջիկը ստացել է վիճակին համապատասխան բուժում։

«Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք, մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։ Երեկ ռեանիմոբիլով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվում նույն ախտանշաններով, ծանր վիճակում գտնվող փոքրիկ տղա` Նորապատ գյուղից։ Ավելի ուշ Արմավիր քաղաքի նույն ընտանիքի երկու երեխա (տարբեր մանկապարտեզների սաներ) ևս ընդունվել են տեղի ինֆեկցիոն բաժանմունք։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է թեթև», - ասված է նախարարության հաղորդագրությունում:

Առողջապահության նախարարի հանձնարարությամբ երեկ Արմավիրի մարզ են մեկնել նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, մանկական ռեանիմատոլոգներ: Վարակի աղբյուրը պարզաբանելու, կանխարգելիչ ու հակահամաճարակային աշխատանքներ իրականացնելու նպատակով տեղում աշխատում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների խումբը։ Արմավիր է մեկնել Առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը: Աշխատանքներում ընդգրկվել են նաև «Արաբկիր» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների մասնագետները:

Երևանի բժշկական կենտրոններում օպերատիվ աշխատանքները համակարգում է առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը: Իրավիճակը հսկողության տակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG