Մատչելիության հղումներ

Նախկին օմբուդսմենին երաշխավորել են ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնում


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության եվրոպական հանձնաժողովը երաշխավորել է Հայաստանի նախկին օմբուդսմեն, այժմ Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Արմեն Հարությունյանի թեկնածությունը ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնում:

Հարությունյանը կստանձնի նոր պաշտոնը միայն, եթե նրա թեկնածությունը քվեարկությամբ հաստատվի հունիսի 22-26-ը կայանալիք Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում:

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դրական է արտահայտվում ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի համար մեկ թեկնածուի մասին։

«Որպես օմբուդսմեն՝ Արմեն Հարությունյանը բավականին արդյունավետ կարողացավ աշխատել։ Ես նրա պրոֆեսիոնալ ունակություններին ծանոթ եմ, ցավոք, մյուս թեկնածուների պրոֆեսիոնալ ունակություններին ծանոթ չեմ, ուստի կդժվարանամ համեմատական եզր անցկացնել»,- ասաց Զոհրաբյանը։

Հայաստանի կողմից դատավորի թեկնածուների երկու աղմկահարույց մրցույթ էր անցկացվել, արդյունքում Հայաստանը ՄԻԵԴ-ին ուղարկեց երեք թեկնածուների անուններ՝ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյան և Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյան։

Դիտորդները պնդում էին, թե երկրորդ մրցույթը ևս թափանցիկ չի անցկացվել, ընթացակարգային կոպիտ խախտումներ են տեղի ունեցել, իսկ արժանի թեկնածուներից մեկի՝ փաստաբան Վահե Գրիգորյանի անունը այդպես էլ չի հայտնվել Հայաստանի թեկնածուների շարքում։

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության հանրապետական ներկայացուցիչ, նաև դատավորների ընտրության հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը մինչդեռ պնդում է՝ ընտրությունները Հայաստանում թափանցիկ են անցել, բացի այդ՝ եվրոպական հանձնաժողովը թեկնածուին ընտրելիս մեծապես առաջնորդվում է արդեն Եվրոպայում նրանց հետ անցկացված հարցազրույցի արդյունքներով:

«Շեշտադրումը կատարվում է անմիջականորեն այն բանի վրա, թե ինչպես է այդ թեկնածուն ներկայանում, հարցազրույցի արդյունքում ձևավորված տպավորությունների, կարծիքների, նրա գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մասին եղած պատկերացումների հիման վրա է, որ ամփոփվում են կարծիքները և տեղի է ունենում քվեարկությունը։ Հավաստիացնում եմ, որ որևէ նախնական նախատրամադրվածություն, նման այլ երևույթներ տեղի ունենալ չեն էլ կարող»,- ասաց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է հայաստանյան մրցույթի ընթացակարգին՝ Արփինե Հովհաննիսյանը պնդեց, որ Խորհրդարանական վեհաժողովը տիրապետում է բավարար տեղեկատվության.- «Ոչ միայն տեղեկացված են ներքին ընթացակարգերից, այլև այդ ընթացակարգերի թափանցիկության և վստահելիության հետ կապված մի շարք չափանիշներ կան, առանց որոնց այդ ընտրությունը չի կարող պատշաճ համարվել»։

Հայաստանը ստիպված եղավ ՄԻԵԴ-ում դատավորի թեկնածուի երկրորդ մրցույթ անցկացնել, քանի որ առաջին մրցույթի արդյունքները չեղյալ ճանաչվեցին, երբ եվրոպացի փորձագետները «անհնարին» համարեցին առաջադրված թեկնածուներից մեկի ընտրությունը՝ նշելով, որ նրանք «ամբողջովին և հավասարապես չեն համապատասխանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բոլոր պահանջներին»։

Երկրորդ մրցույթում վերընտրվեցին նախկին թեկնածուներից երկուսը՝ Արմեն Հարությունյանը և միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը։ Նելիկ Հարությունյանի անունը փոխարինվեց վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի անվամբ: Մրցույթը դիտարկած ու այն ձևական անվանած դիտորդ Տիգրան Եգորյանը հիմա էլ պնդում է, որ ԵԽԽՎ-ն կարող է չհաստատել Արմեն Հարությունյանին։

«Բացի դիտորդական կազմակերպությունների կողմից բարձրաձայնված պրոբլեմներից, քանի որ հիմա հարցը գտնվում է ԵԽԽՎ-ում, գործի մեջ են դրվում նաև քաղաքական հարցեր, քաղաքական ազդեցություններ ու խնդիրներ»,- ասաց Եգորյանը։

XS
SM
MD
LG