Մատչելիության հղումներ

Լոնդոնի ամենաթանկարժեք առանձնատներից մեկը Ալիևներինն է


Մեծ Բրիտանիա - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքի անդամները Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ, 2012թ․

Մեծ Բրիտանիա - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքի անդամները Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ, 2012թ․

Աշխարհի տարբեր պետություններում գործող հետաքննող լրագրողներին միավորող «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին տեղեկատվության տարածման նախագիծ» կազմակերպությունը շաբաթասկզբին հրապարակած նոր զեկույցում պնդում է` արդեն 17 տարի է ինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին է պատկանում Լոնդոնի ամենաթանկարժեք առանձնատներից մեկը:

Կազմակերպությունը «Խադիջա» անունը կրող նախագծի շրջանակում ավարտին է հասցրել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող, 2014-ի դեկտեմբերից անազատության մեջ գտնվող Խադիջա Իսմայիլովայի անավարտ հետաքննություններից մեկը:

Լրագրողները պնդում են, որ բրիտանական մայրաքաղաքի ամենաթանկարժեք շրջաններից մեկում` Հեմփսթեդում գտնվող առանձնատունը Իլհամ Ալիևը ձեռք է բերել դեռ 1998 թվականին, երբ զբաղեցնում էր Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի փոխնախագահի պաշտոնը:

«Հեմփսթեդն ու հարակից Բելսայզ Փարքը բրիտանական ազատական մշակույթի մի շարք կարևոր ներկայացուցիչների բնակության վայրն են», - նշում են հետաքննող լրագրողները` մանրամասնելով, որ այս շրջանում են ապրում հայտնի ռոք երաժիշտ, Oasis խմբի հիմնադիր Լիամ Գալահերը և BBC-ի հայտնի հեռուստասերիալում Շերլոկ Հոլմսի դերը խաղացած Բենեդիկտ Քամբերբեչը: Ալիևների ընտանիքին պատկանող առանձնատան անմիջական հարևանությամբ է ապրում նաև Լոնդոնի «Արսենալ»-ի սեփականատերերից մեկը` ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը, ով իր տունը ձեռք է բերել 2008 թվականին 50 միլիոն ֆունտով` մոտ 76 միլիոն ամերիկյան դոլարով», - նշում են զեկույցի հեղինակները:

«Թե որքան արժե Ալիևների լոնդոնյան առանձնատունը՝ հայտնի չէ: Դրա անմիջական հարևանությամբ գտնվող առանձնատներից մեկի արժեքը երկու տարի առաջ 26 միլիոն դոլար էր կազմում: Հաշվի առնելով, սակայն, այն հանգամանքը, որ գործարքից անմիջապես հետո Ալիևները հեղինակավոր SHH ընկերությանը «ճարտարապետական վերանորոգում» պատվիրեցին, կարելի է ենթադրել, որ այս տան արժեքը շատ ավելի բարձր է», - գրում են հետաքննող լրագրողները:

Նրանց նաև հաջողվել է պարզել, որ Իլհամ Ալիևը Լոնդոնում գտնվող առանձնատունը ձեռք է բերել օֆշորային գոտի համարվող Մեն կղզում գտնվող Beckforth Services Limited ընկերության միջոցով: Ֆորմալ առումով, սակայն, Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան այլևս այս տան սեփականատերերը չեն: «2010 թվականին տան սեփականատեր հանդիսացող օֆշորային ընկերության՝ իրենց ձեռքին եղած բոլոր բաժնետոմսերը նրանք փոխանցել են ավագ դստերը` Լեյլային», - գրում են զեկույցի հեղինակները՝ ընդգծելով․ - «Այսօր նախագահ Իլհամ Ալիևի աշխատավարձը տարեկան 230 հազար դոլար է կազմում: Այս թիվը բավական հետաքրքրական մի հարցի տեղիք է տալիս` ինչպե՞ս կարող է Ալիևը նման աշխատավարձով այդպիսի մեծ տուն ունենալ Լոնդոնի ամենաթանկարժեք շրջաններից մեկում»:

XS
SM
MD
LG