Մատչելիության հղումներ

Երևանում Թբիլիսիի զոհերի հիշատակին համերաշխության ակցիա տեղի ունեցավ


Երևանում Թբիլիսիի զոհերի հիշատակին համերաշխության ակցիա տեղի ունեցավ
please wait

No media source currently available

0:00 0:02:39 0:00

Մոմավառություն, ծաղիկներ ու ցավակցական գրություններ. Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց այսօր մի խումբ քաղաքացիներ համերաշխության ակցիա անցկացրին՝ ի հիշատակ կիրակի օրը Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի զոհերի։

Պաշտոնական տվյալներով՝ ջրհեղեղը Վրաստանի մայրաքաղաքում 15 կյանք խլեց։ Զոհերից չորսը հայեր են նույն ընտանիքից՝ Լիանա, Սվետլանա, Ժաննա և Նանա Եղիազարովաները։

«Մենք չենք կարող անհաղորդ մնալ հարևան երկրի ժողովրդի վշտին։ Կարծում եմ, որ վրացի ժողովուրդը, որը միշտ սատարել է մեզ, Վրաստանը, որը պատերազմի ժամանակ մեզ համար կյանքի ճանապարհ է եղել, պետք է որ զգա մեր հասարակության աջակցությունը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Հիմա այնտեղ շատ ծանր հոգեբանական մթնոլորտ է, պարտքս համարեցի՝ գամ, ծաղիկ դնեմ։ Երբ 88 թվի դեկտեմբերին մենք մտանք աղետի գոտի, առաջին մեծ խումբը, որ ես տեսա, վրացուհի երիտասարդ կանայք էին, ովքեր փլուզված թունելի քարերը ձեռքերով հանում էին»,- ասաց մեկ այլ մասնակից։

Վրաստանի դեսպանատանը երեկվանից բացվել է նաև սգո մատյան, դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի խոսքով՝ խորհրդարանի և կառավարության անդամներից շատերն արդեն այցելել են, գրառում կատարել և օգնության պատրաստակամություն հայտնել։ Բայց շարքային քաղաքացիների այսօրվա այցելությունը դեսպանի համար առավել տպավորիչ էր։

«Մի բան է, երբ պաշտոնական անձինք են ցավակցում, բայց երբ դա անում են շարքային քաղաքացիները, որոնց հնարավոր է Վրաստանի հետ ոչինչ չի կապում, և նրանք այդպես ընդունում ու կիսում են մեր ցավը՝ իրենց հարևանների ցավը, դա առանձնահատուկ զգացմունքներ է առաջացնում։ Դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ հայերը մեր ընկերները չեն, հայերը մեր եղբայրներն են»,- ասաց դեսպանը։

Կիրակի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մարդկային կորուստների ու ավերածությունների առնչությամբ Վրաստանի նախագահին և վարչապետին ցավակցել են նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով կիրակի օրը Թբիլիսի են ուղևորվել Երևանի կենդանաբանական այգու չորս աշխատակիցներ, որոնք մասնագիտական օգնությունից բացի, անհրաժեշտության դեպքում Թբիլիսի կենդանաբանական այգու ողջ մնացած կենդանիներին կտեղափոխեն Երևան։

XS
SM
MD
LG