Մատչելիության հղումներ

Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքով մահացած 15 մարդկանց ինքնությունը պարզվել է


Կամավորները օգնում են վերացնել Թբիլիսիի ջրհեղեղիի հետևանքները, 16-ը հունիսի, 2015թ․

Կամավորները օգնում են վերացնել Թբիլիսիի ջրհեղեղիի հետևանքները, 16-ը հունիսի, 2015թ․

Այսօր մամուլի ասուլիսում Վրաստանի անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի քարտուղար Մինդիա Ջանելիձեն ասել է, որ ջրհեղեղի հետևանքով զոհված բոլոր 15 մարդկանց ինքնությունը պարզվել է: Այսօրվա դրությամբ, 7 մարդ անհետ կորած է համարվում, որոնողական ակտիվ աշխատանքները շարունակվում են: Հիվանդանոցներում գտնվող տուժածների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վրաստանի նախագահի նախկին խորհրդական Վան Բայբուրդը «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ ըստ որոնողական խմբերի տեղեկությունների, մեկ անհետ կորածի տեղը մոտավորապես հայտնի է, և այդ վայրում հենց հիմա ակտիվ աշխատանքներ են ընթանում:

«Շարունակում են, փնտրում են էդ ցեխերի, ավազի մեջ: Այսօր ևս գտան 15-րդին՝ երիտասարդ 21 տարեկան ուսանողուհու դիակը», - պատմեց Վրաստանի նախագահի նախկին խորհրդականը:

Ավելի ուշ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ զոհվածների թիվը հասել է 17-ի, իսկ անհետ կորածների թիվը՝ 5-ի: Այս վերջին տեղեկությունը փոխանցեց «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

«Ազատության» հետ զրույցում Վան Բայբուրդը հայտնեց, որ եղել է այն տան մոտ, որտեղ զոհվել են հայազգի Եղիազարովա չորս քույրերը:

«Երկու քույր են՝ Սվետլանա Անդրանիկի Եղիազարովան և Լիանա Անդրանիկի Եղիազարովան: Մեկը՝ 1948 թվականի ծնված, մյուսը՝ 1950 թվականի: Նրանց հորեղբոր աղջիկը ավելի փոքր է՝ Ժաննան, որը 48 տարեկան է, նույնպես մահացել է, և ևս մի Լիանա Եղիազարովա, նա էլ է մահացել: Այսինքն՝ մեկ բակում ապրում էին երեք հորեղբայրների ընտանիքներ», - պատմեց Բայբուրդը:

Թբիլիսիի տուժած շրջանների մաքրման, ենթակառույցների վերականգնման աշխատանքները չեն դադարում: Անցած ամբողջ գիշերվա ընթացքում աշխատանքները շարունակվել են: Վան Բայբուրդն ասաց, որ ամբողջ Թբիլիսին մասնակցում է վերականգնման աշխատանքներին՝ այդ թվում և տեղի հայերն ու հայկական կազմակերպությունները:

Ջրհեղեղից տուժել էր Թբիլիսիի կենդանաբանական այգին: Կենդանիների մի մասը ջրհեղեղից սատկել էր, մի մասը՝ փախել: Այսօր այգու ադմինիստրացիան հայտարարել է, որ դրսում վայրի գազաններ այլևս չկան:

XS
SM
MD
LG