Մատչելիության հղումներ

logo-print

Լեհաստանը և Լիտվան ողջունում են ամերիկյան զինուժի տեղակայման գաղափարը


Ռուսաստան - Օտարերկրացիները դիտում են S-300VM «Անտեյ-2500» հակահրթիռային համալիրը, որը տեղադրված է «Բանակ-2015» ռազմա-տեխնիկական ցուցահանդեսում, Կուբինկա, Մոսկվայի մարզ, 16-ը հունիսի, 2015թ.

Ռուսաստան - Օտարերկրացիները դիտում են S-300VM «Անտեյ-2500» հակահրթիռային համալիրը, որը տեղադրված է «Բանակ-2015» ռազմա-տեխնիկական ցուցահանդեսում, Կուբինկա, Մոսկվայի մարզ, 16-ը հունիսի, 2015թ.

Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխանով։

Անցած շաբաթավերջին ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են բալթյան և արևելաեվրոպական երկրներ մոտ հինգ հազար զինծառայող և ծանր տեխնիկա ուղարկելու Վաշինգտոնի ծրագրի մասին, որը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն անվանել է «Ռուսաստանի նկատմամբ «սառը պատերազմից» հետո ՆԱՏՕ-ի ամենաագրեսիվ նախաձեռնությունը»՝ ավելացնելով, որ «դա անպատասխան չի մնա»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանների մոտ հրասայլեր և ծանր տեխնիկա տեղակայելու գաղափարից զերծ կմնա։

«Մենք հուսով ենք, որ բանականությունը կհաղթի, և Եվրոպայում ծանր հետևանքներով հղի ռազմական նոր առճակատումը կկասեցվի»,- հայտարարել է ԱԳՆ-ն։

The New York Times-ը հունիսի 13-ին է հաղորդել, որ հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիան և ցանկանալով սատարել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, Վաշինգտոնը մտադիր է ծանր տեխնիկայի նոր պահեստներ տեղակայել բալթյան և արևելաեվրոպական որոշ երկրներում։

Լեհաստանը և Լիտվան արդեն հաստատել են Ամերիկայի հետ այդ հարցի շուրջ բանակցելու փաստը։

«Որոշումը պետք է ամերիկյան կողմն ընդունի, մենք շատ ենք ուզում, այն դրական լինի, մենք համոզված ենք, որ այդօրինակ ծրագրերն էապես կնպաստեն Լեհաստանի անվտանգության ամրապնդմանը»,- երեկ Վարշավայում ասել է Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սիմոնյակը՝ հույս հայտնել, որ Վաշինգտոնն առաջիկա մի քանի շաբաթում վերջնական վճիռ կընդունի։

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն երեկ Վիլնյուսում լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ ամերիկյան զորքի և տեխնիկայի տեղակայումը կփարատի բալթյան և արևելաեվրոպական ժողովուրդների մոտ ուկրաինական զարգացումների կապակցությամբ ի հայտ եկած մտավախությունները և կզսպի ռուսական հնարավոր նոր ագրեսիան։

Նա նշել է, որ ըստ էության, ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, քանի որ ծրագիրը քննարկվել և հավանության է արժանացել 2014 թվականի սեպտեմբերի 4-5-ը Ուելսում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

«Մենք գիտենք այդ ծրագրի մասին, մենք դրան կողմ ենք, մենք ողջունում և սպասում ենք»,- ասել է Լիտվայի նախագահը։

Մինչդեռ Ռուսաստանը շարունակում է հզորացնել ռազմավարական նշանակության սպառազինությունը. այսօր այդ մասին խոսել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այս տարի միջուկային ուժերը կստանան ավելի քան 40 միջմայրցամաքային հրթիռներ, որոնք կարող են հաղթահարել ցանկացած, նույնիսկ տեխնիկապես ամենարդիական պաշտպանական համակարգերը»,- հայտարարել է Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG