Մատչելիության հղումներ

Հանրապետականը դրական է գնահատում ԵԽԽՎ զեկուցողների հայտարարությունը


Սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ ուժերը տարբեր կերպ են մեկնաբանում գործընթացի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողների հայտարարությանը։ Ընդդիմադիրները պնդում են, որ հայտարարությունը ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ անհրաժեշտ կոնսոլիդացիա չկա: Իշխող Հանրապետականում էլ ասում են, որ ճիշտ ճանապարհի վրա են, շարունակելու են բարեփոխումները։

Համազեկուցողները փաստում են, թե Հայաստանում քաղաքական ու ընտրական գործընթացների նկատմամբ վստահության մակարդակը դեռ շատ ցածր է։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանի խոսքով, այս ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվել են՝ վերջերս բարեփոխվել է հանրաքվեի մասին օրենքը։

Հանրապետականների այս տեսակետը պաշտպանում է նաև սահմանադրական փոփոխությունների կողմնակից Դաշնակցությունը։

Ընդդիմությունը, մինչդեռ, պնդում է, որ այդ կետը ոչ թե հանրաքվեներին, այլ առհասարակ Ընտրական օրենսգրքին է վերաբերում։

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի խոսքով, համազեկուցողները փաստում են՝ սահմանադրական փոփոխություններից առաջ քաղաքական ուժերի կարծիքները տարբեր են, գործընթացի հանդեպ վստահություն չկա։

«Ընդգծել են՝ բացակայում է հավատը ընտրական գործընթացների նկատմամբ, և այս կապակցությամբ հանդես են բերել որոշ առաջարկություններ: Դրանցից ես կառանձնացնեի դեբատների կազմակերպումը հանրաքվեից առաջ և միջազգային դիտորդների մասնակցությունը հանրաքվեին», - ասաց Կարապետյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանն էլ պնդում է, որ այս կետով համազեկուցողները առաջարկում են լուրջ փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում։

«Պնդելու ենք միանշանակ, որ հարյուր տոկոսանոց անցում լինի համամասնականի, եթե մեր էդ առաջարկը կընդունվի, մենք կքննարկենք նաև մյուս գլուխների վերաբերյալ ․․․Եվ անպայմանորեն ցուցակները հրապարակվեն», - ասաց Զոհրաբյանը:

Հայտարարությունում ԵԽԽՎ պաշտոնյաները առաջարկում են նաև բարձրացնել ԱԺ-ի առջև կառավարության պատասխանատվության մակարդակը և խորհրդարանում բազմակարծություն ապահովել։ Իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով, բազմակարծություն խորհրդարանում այսօր էլ կա, իսկ կառավարության պատասխանատվության բարձրացման հետ կապված կետ կա նաև սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։

«Ինձ թվում է, որ Ազգային ժողովի ազդեցությունը ավելի պետք է մեծացվի կառավարության վրա», - նշեց Բաղդասարյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ է կարծում, որ կառավարության պատասխանատվությունը խորհրդարանի առջև պետք է մեծացնել, իսկ ինչ վերաբերում է բազմակարծությանը․ - «Խորհրդարանում ունենք բազմակերպություն, բայց երբ որ կա քաղաքական մենիշխանություն, երբ որ կա մեկ քաղաքական ուժի դոմինանտ, կներեք էդ ձևակերպման համար, կոճակներ, քո քաղաքական բազմակարծությունը արդյունքում առ ոչինչ է»:

Վիճահարույց հարցերը քննարկելու համար իշխող Հանրապետականում կարծում են, որ քաղաքական ուժերը պետք է մասնակցեն սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներին։ Հանրապետական խմբակցության ղեկավարի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը իր եզրակացությունը կտա հուլիսի 2-ին, որից հետո էլ, թերևս, քննարկումները կմեկնարկեն։ Հարցին, թե կա արդյոք անհրաժեշտ կոնսոլիդացիա, թե ոչ, նա խուսափեց պատասխանել՝ հավելելով, որ դա կերևա քննարկումների ընթացքում։

Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ կարծում է, որ կոնսոլիդացիան կա, քանի որ հարցը բոլոր ուժերին է հետաքրքրում։

«Նույնիսկ ՀԱԿ-ը, որ մերժում է կառավարման խորհրդարանական համակարգը, ինքն արդեն քննարկմանը մասնակցում է՝ մերժելով... կառավարման խորհրդարանական համակարգին և փաստարկներ բերելով: Մերժելն էլ է մասնակցություն», - ասաց Մինասյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG