Մատչելիության հղումներ

Վահագն Խաչատրյան․ Խնդիրը վարկի մարումն է


Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ

Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ

Ազգային ժողովի երեկ մեկնարկած արտահերթ նստաշրջանի օրակարգում է Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագիրը․ Հայաստանը կստանա 52 միլիոն դոլար՝ էլեկտրահաղորդման ցանցի բարելավման համար։

Հաղորդագրություններում նշվում է, որ վարկն ուղղվելու է հոսանք արտադրող ենթակայանների նորոգմանն ու նոր շոգեգազային կայանի կառուցմանը։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ համակարգը ունի արդիականացման կարիք, բայց խնդիրը վարկի մարումն է. ի՞նչ երաշխիքներ ունի Հայաստանը, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը մարելու է վարկը և մի օր վարկի մարման համար չի ներկայացնելու սակագնի բարձրացման հերթական հայտը:

«Երբ որ ժամանակին սեփականաշնորհվում էր «Հայաստանի էլեկտրացանցեր»-ը, դրա նպատակներից մեկը նրանում էր, որ նոր սեփականատերը ինքը իր ռիսկով, իր հնարավորություններով պետք է նաև իր ֆինանսական կարիքների հարցը լուծեր: Բայց նաև երբ որ հետևում ենք աշխատանքին, փաստորեն, էլի Հայաստանի Հանրապետության ռիսկն է ավելի շատ առաջնային դառնում, և նա է վարկեր վերցնում նույն այդ էլեկտրացանցի կամ նույնիսկ այլ ենթակառուցվածքների ֆինանսավորման համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ շարունակելով․ - «Եվ ստացվում է, որ մասնավորեցում իրականացրեցին նրա համար, որպեսզի պետությունը էդ միջոցները գտնի: Էդ դեպքում իմաստը որն էր՝ անհասկանալի է»:

Վարկը վերցնելիս երաշխավորը պետությունն է, իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ 52 միլիոնի պարտքը մարվելու է ու չի մնալու պետության ու քաղաքացիների ուսերին, տարակուսում է տնտեսագետը։ «Եվ չի՞ գա արդյոք այն օրը, որ մի օր կգան մեզ կասեն՝ գիտեք ինչ կա, էս կազմակերպությունը չի կարող վճարել, բայց դե մենք էլ պետություն ենք՝ ոնց կարող ենք մենք չվճարել, ու էլի ստացվի, որ մենք այդ կազմակերպության փոխարեն էդ վերցրած գումարը, չգիտեմ՝ 200 միլիոն կլինի, 100 կամ 50՝ կարևոր չի, սկզբունքն է կարևոր, իր փոխարեն վճարենք», - ընդգծեց Խաչատրյանը և հավելեց․ - «Եթե իսկապես պետությունը երաշխավոր է դառնում այդ վարկային ծրագրի, ինքը երաշխիքներ է տալիս, էդ դեպքում պետք է էդ կազմակերպությունը, որի համար ինքը երաշխիք է տալիս, ինքն էլ պետք է պետության առջև լրացուցիչ պարտավորություններ ստանձնի՝ այդ վարկային պարտավորությունները կատարելու»:

Որո՞նք են Հայաստանի շահերը ԵՏՄ-ի ընդլայնումից

Խորհրդարանական օրակարգում է նաև ընդդիմադիրների ուշադրությանն արժանացած մեկ այլ հարց՝ Ղրղըզստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը։

Երեկ Ազգային ժողովում մի շարք ընդդիմադիրներ հետաքրքրվեցին՝ որո՞նք են Հայաստանի շահերը ԵՏՄ-ի ընդլայնմանը զուգահեռ, երբ կառույցը տեղից չի շարժվում: «Մեկ երկիր ավելացնելով մեզ համար հավելյալ խնդիր չի՞ առաջանալու», - հարցրեց, մասնավորապես, «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը։

Տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը պատասխանեց, որ, նախ, Հայաստանը լրացուցիչ պարտավորություն չի կրելու, բացի այդ՝ բացվելու է 6-միլիոնանոց լրացուցիչ շուկա։

Վահագն Խաչատրյանը անհիմն է համարում շուկայի մեծացման տնտեսական օգուտների մասին պնդումները։ «Էդ 6-միլիոնանոց շուկան մեզ համար գոյություն ուներ այն օրվանից, երբ որ գործում էր ԱՊՀ-ն, և ԱՊՀ շուկայի բոլոր համաձայնագրերը մեզ հնարավորություն են տալիս էդ շուկայում ներկայացված լինելու և էդ շուկան էլ Հայաստանում ներկայացված լինելու համար, որևէ խոչընդոտ չի եղել երբևիցե: ԵՏՄ-ն կլիներ մեզ համար շատ էական և կաշխատեր այնպես, ինչպես, ասենք, նույն Բելառուսի կամ Ղազախստանի համար, եթե մենք ունենայինք ընդհանուր սահման ԵՏՄ-ի երկրներից որևէ մեկի հետ: Հիմա մենք հերթական մի պայմանագիր կամ համաձայնություն ենք տալու անդամակցության ԵՏՄ-ի անդամ մի երկրի հետ, որի հետ չունենք սահման․ կլինի 6 միլիոն թե կլինի 60 թե կլինի 600՝ որևէ նշանակություն չունի», - հայտարարեց տնտեսագետը:

XS
SM
MD
LG