Մատչելիության հղումներ

Բաքվի խաղերին Հայաստանի մասնակցությունը՝ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում


Ադրբեջան - Հայաստանցի ըմբիշ Միհրան Հարությունյանը (ձախից) Բաքվի Եվրոպական խաղերի գոտեմարտում հաղթանակից հետո, 14-ը հունիսի, 2015թ․

Ադրբեջան - Հայաստանցի ըմբիշ Միհրան Հարությունյանը (ձախից) Բաքվի Եվրոպական խաղերի գոտեմարտում հաղթանակից հետո, 14-ը հունիսի, 2015թ․

«Չնայած հանդիսատեսը սուլում է մեզ, կան նաև լավ մարդիկ», - լրատվամիջոցներին ասել է հայաստանցի ըմբիշ Միհրան Հարությունյանը:

Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերը լուսաբանող միջազգային լրատվամիջոցները հատուկ անդրադառնում են նաև Հայաստանի մասնակցությանը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կիրակի օրը պաշտոնական հայտարարությունում նշել է․ - «Մենք տեսնում ենք՝ ռուս մարզիկները մրցում են ուկրաինացիների հետ, այս խաղերին մասնակցում են Սերբիայի և Կոսովոյի թիմերը, Հայաստանի մարզիկները հյուրընկալվել են Ադրբեջանի կողմից: Այս բոլոր մարզիկները միասին շքերթով անցան բացման արարողությանը: Սա է սպորտի ուժը՝ համախմբել մարդկանց՝ անկախ նրանց հավատքից կամ ազգային պատկանելությունից: Սա է այն, ինչ կարող է անել սպորտը և թերևս կարող է անել միայն սպորտը»:

Միաժամանակ, Reuters-ը նշում է նաև, որ խաղերի բացման արարողությանը հանդիսատեսը սուլոցներով է դիմավորել մարզիկների շքերթով անցնող Հայաստանի պատվիրակությանը:

Associated Press-ը ևս, մեջբերելով Միջազգային օլիմպիական նախագահի խոսքերը, նշում է, որ չնայած Ադրբեջանի հետ երկարատև հակամարտությանը՝ Հայաստանի մարզիկները մասնակցում են Բաքվի խաղերին:

Ինչ վերաբերում է կոնկրետ մրցապայքարին, ապա նշվում է, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչում պարտված Միհրան Հարությունյանը մեղադրել է մրցավարներին՝ պնդելով, որ նրանք, ընկնելով հանդիսատեսի ազդեցության տակ, հաղթանակը շնորհեցին իր մրցակցին՝ ռուսաստանցի Արտյոմ Սուրկովին:

«Ես եկել էի այդ տրամադրությամբ, ես արդեն գիտեի, որ նման բան կպատահի: Չնայած հանդիսատեսը սուլում է մեզ, կան նաև լավ մարդիկ», - մամուլին ասել է հայաստանցի մարզիկը:

Շաբաթ օրը հանդիսատեսը վատ վերաբերմունք էր ցուցաբերել նաև երկու հայազգի ըմբիշների՝ հայաստանցի Ռոման Ամոյանի և ռուսաստանցի Ստեփան Մարյանյանի նկատմամբ, վերջինս 59 կիլոգրամ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի կոչումը:

Ադրբեջանցի մարզիկ Էլվին Մուրսալիևը, ով հունահռոմեական ոճի ըմբշամարտի 75 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոն է դարձել, ասել է, թե հանդիսատեսի արձագանքը պետք է դիտարկել որպես սպորտային խաղերին բնորոշ արձագանք, այլ ոչ թե քաղաքական լարվածության հետևանք:

«Նրանք մեր մրցակիցներն են, և ակնհայտորեն Ադրբեջանում ոչ մեկը՝ ո՛չ մարզիկները, ո՛չ հանդիսատեսը, չի ցանկանա աջակցել Ադրբեջանի թիմի հակառակորդներին», - ասել է Մուրսալիևը:

France-Presse-ը հայտնում է, որ Հայաստանի մարզիկների ավտոբուսը երկու մեքենայով անվտանգության աշխատակիցներ են ուղեկցում, միաժամանակ նշելով, որ ոչ մի ադրբեջանցի կամավոր չի ցանկացել նշանակվել Հայաստանի պատվիրակությանը օժանդակող աշխատակիցների կազմում:

XS
SM
MD
LG