Մատչելիության հղումներ

Ջեբ Բուշը միացավ նախագահական ընտրապայքարին


ԱՄՆ - Ջեբ Բուշը իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ, Մայամի, 15-ը հունիսի, 2015թ․
ԱՄՆ - Ջեբ Բուշը իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ, Մայամի, 15-ը հունիսի, 2015թ․

Ֆլորիդայի նախկին նահանգապետի գովազդի հեղինակները փորձում են շրջանցել նրա ազգանունը:

Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը հայտարարել է իր թեկնածությունը հանրապետական փրայմերիզում առաջադրելու մասին:

«Նախագահի աթոռը չպետք է փոխանցվի մեկ լիբերալից մյուսին», - ասել է նա:

Ջեբ Բուշին, որի հայրն ու եղբայրն արդեն եղել են Միացյալ Նահանգների նախագահ, հաջողվել է իր կողմը բազմաթիվ ազդեցիկ աջակիցների գրավել:

Հատկանշական է, սակայն, որ Ջեբ Բուշի գովազդի հեղինակները փորձում են ուշադրությունը կենտրոնացնել նրա անվան վրա՝ շրջանցելով ազգանունը: Վերլուծաբանների կարծիքով, թեև ազգանունը օգնել է Բուշին իր քաղաքական արշավի օգտին լուրջ նվիրատվություններ հավաքել, այնուամենայնիվ, այն կարող է խանգարել թեկնածուին նախագահական ընտրությունների ընթացքում:

Ընդամենը երեք ամիս առաջ Ջեբ Բուշը համարվում էր Հանրապետական կուսակցության ամենահավանական թեկնածուն, նրան պատրաստ էին աջակցել հանրապետականների 21 տոկոսը, սակայն այսօր կուսակցությունում Բուշի աջակիցների թիվը կազմում է ընդամենը 10 տոկոս՝ ճիշտ այնքան, որքան աջակցում են Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյին կամ Ուիսքոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերին:

Այժմ հանրապետական հավակնորդների թիվը 11-ն է, սակայն հաշվի առնելով իրենց թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտնած այլ հանրապետական գործիչների քանակը՝ այն կարող է կրկնապատկվել:

Եթե հանրապետականների նախագահական թեկնածուին դեռևս բարդ է կանխագուշակել, ապա Դեմոկրատական կուսակցության ներսում ամեն ինչ ստույգ է․ այստեղ ամենահավանական թեկնածուն մնում է նախկին առաջին տիկին, սենատոր և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Ես պայքարում եմ, որպեսզի մեր տնտեսությունը աշխատի ձեր և յուրաքանչյուր ամերիկացու համար, որպեսզի լինենք հաջողակ և հաղթող», - հայտարարել է Քլինթոնը:

Մինչ այժմ Քլինթոնի մոտեցումն իրեն արդարացնում է. համաձայն ABC News-ի և The Washington Post-ի վերջին հարցման՝ նախկին պետքարտուղարին պատրաստ են ձայն տալ ամերիկացիների 45 տոկոսը, մինչդեռ Ջեբ Բուշին՝ միայն 32 տոկոսը:

Հատկանշական է, որ թե՛ Ջեբ Բուշը, որը Հայաստան էր ժամանել Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հայ ժողովրդին օգնություն տրամադրելու նպատակով, և թե՛ Հիլարի Քլինթոնը, որը հայ - թուրքական հարաբերությունների բարելավման ամենաազդեցիկ աջակիցներից մեկն է, լայնորեն ներգրավված են եղել հայ - ամերիկյան հարաբերությունների մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG