Մատչելիության հղումներ

«Կարատել» կոչվող կիևյան ռեստորանը ծաղրում է ռուսական քարոզչությունը, որը պիտակավորում է Ուկրաինայի հեղափոխությունը որպես ֆաշիստական շարժում:

Ռեստորանի հիմնադիր Եվգենի Վասիլևի խոսքով՝ դա ռեստորանի կառավարման ծաղրական գաղափարն է․ - «Փոխարինելով ռուսական քարոզչությունը անհեթեթությամբ՝ մենք փորձում ենք մարդկանց ցույց տալ, որ այնտեղ բացի ստից ոչինչ չկա»:

Ճաշացուցակի անվանումը՝ «Կեցցե խունտան», գրված է գերմաներենով: Դա այն արտահայտությունն է, որը օգտագործվում է Ռուսաստանի պետական լրատվամիջոցներում Ուկրաինայի կառավարության մասին խոսելիս: «Մինսկի համաձայնագիր» կոչվող մեկ այլ ուտեստ, որը կարտոֆիլով ծովատառեխ է, ծաղրում է քաղաքական բանակցությունները, որոնք մինչ օրս Ուկրաինայի հակամարտությանը լուծում չեն առաջարկել: Մինչդեռ մնացած ուտեստները, ինչպես, օրինակ, «Խորովված անջատողականներ»-ը, անցնում են ճաշակի ընդունված սահմանները:

Կիևյան գործարար Յուլիայի կարծիքով՝ ռեստորանի գաղափարը մշակվել է տեղին: «Եթե երկրում պատերազմ է ընթանում, դա չի նշանակում, որ մենք պետք է փակվենք և վատ սպասելիքներ ունենանք», - ընդգծում է նա:

Քաղաքագետ Վլադիսլավ Հուհրենևիչի խոսքով՝ Ռուսաստանը վերադառնում է խորհրդային տարիների քարոզչական մեթոդներին: Սակայն քաղաքագետը երկու կողմերին էլ զգուշացնում է, որ վիրավորանքները կարող են ակնկալվող խաղաղությանը հասնելու գործում բարդություններ առաջացնել: «Եթե մենք ուզում ենք նորից վերամիավորվել, մենք պետք է գանք որոշ համաձայնության: Հետևաբար, ինչքան քիչ ցավ պատճառող վիրավորանքներ միմյանց դեմ օգտագործենք, այնքան ավելի հեշտ կլինի միասին ապրելը», - շեշտում է քաղաքագետը:

Համաձայն Կրեմլի քարոզչության մասին «Ամենը սուտ է և հնարավոր» խորագրով գրքի հեղինակ Պյոտր Պոմերանցևի, ծաղրերգությունը հզոր հակաքարոզչական գործիք է, սակայն այն նաև օգտագործվում է այնպիսի «նեոավտորիտար պետությունների» կողմից, ինչպիսին նա անվանում է Ռուսաստանը:

Պոմերանցևի խոսքով, քարոզչությանը հակազդելու միակ միջոցը հանդիսատեսի վստահությունը ձեռք բերելն ու նրան իրական երկխոսության վերադարձնելն է: Երկիրը կարող է ծաղկել, երբ հասարակությունը ճշգրիտ տեղեկատվություն է ստանում, իսկ նրանք, ովքեր ապրում են ապատեղեկատվության մեջ, իրենց գերեզմանն են փորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG