Մատչելիության հղումներ

Պուտինին անհանգստացրել է մահացության վիճակագրությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է Դմիտրի Մեդվեդևի կառավարության անդամների հետ, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է Դմիտրի Մեդվեդևի կառավարության անդամների հետ, արխիվ

2015-ի առաջին երեք ամիսներին մահացությունը Ռուսաստանում 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.7 տոկոսով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է պարզել 2015 թվականի առաջին եռամսյակում մահացության աճի պատճառները և մինչև հուլիսի վերջ համապատասխան զեկույց ներկայացնել։

Ըստ Կրեմլի պաշտոնական կայքէջի, այս հարցում պատասխանատվությունը դրվում է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ռեգիոնների ղեկավարների վրա։

Մեդվեդեևը հայտնել է, որ 2015-ի առաջին երեք ամիսների ընթացքում մահացությունը 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 3.7 տոկոսով։

Մասնագետները բազում պատճառներ են նշում` անառողջ ապրելակերպից մինչև ռեգիոնների թերֆինանսավորում։ Ինքը Պուտինը մահացության աճը կապում է կյանքի տևողության երկարացման և բնակչության ծերացման հետ։

«Մեծացել է տարեց մարդկանց թիվը, մասնագետների կարծիքով՝ դա է անմիջականորեն ազդել մահացության դինամիկայի վրա, բնական է, որ տարեցներն ավելի հաճախ են մահանում, քան երիտասարդները»,- ասել է Պուտինը՝ ստանալով մայիսյան վիճակագրությունը։

Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտարարել է, թե մահացության աճը, մի կողմից, կապված է բնակչության տարիքային կառուցվածքի և ծերացման, մյուս կողմից` այնպիսի հանգամանքների հետ, ինչպիսին են բժշկական սխալները և անառողջ ապրելակերպը։ Բացի այդ, ըստ նախարարի, աճել է գրիպից, թոքաբորբից, սուր շնչառական վիրուսային հիվանդություններից մահացածների թիվը, ինչը գրանցվել է նաև եվրոպական 14 երկրներում։

Սկվորցովայի համոզմամբ՝ մահացության աճի համար պատասխանատվությունը կրում են ռեգիոնների առողջապահության հաստատությունների ղեկավարները, դաշնային պաշտոնյաների այցերի արդյունքում աշխատանքից ազատվել է առողջապահության շրջանային 29 նախարար։

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ երկրում մահացությունն աճում է, և դրան զուգահեռ իջնում է ծնելիությունը, ինչը հատկապես հրատապ է Ալթայում, Կարաչաևո-Չերկեսիայում, Ինգուշիայում., Մորդովիայում և Մագադանում։

Կառավարությունը, մինչդեռ, զեկուցում է ժողովրդագրական հաջողությունների մասին։ Վարչապետ Մեդվեդևը վերջերս հեռուստաեթերում հպարտացել է, թե Ռուսաստանում անցած 20 տարիների ընթացքում առաջին անգամ գրանցվել է բնակչության աճ, որը 2014-ին 30 հազար մարդ է կազմել։

Փոխվարչապետ Օլգա Գոլոդեցն էլ հայտնել է, որ աճել է կյանքի միջին տևողությունը, որն այսօր կազմում է 71 տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG