Մատչելիության հղումներ

Գորիսի գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի, 4-րդ մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում


ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին խմբի կազմում մասնակցություն են ունեցել նաև ՀՀ քաղաքացիներ Շ. Դավթյանը և Մ. Խաչատրյանը։

Մուշեղ Զաքարյանը, հիշեցնենք, Գորիսի «Սդղի գյոլ» վայրում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով տուժած եղբայրներից մեկն է։ Զաքարյանները պնդում են, որ ծեծկռտուքին մասնակցել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանը, ով գործում ներգրավված է որպես վկա։

Ըստ հաղորդագրության՝ հունիսին 13-ին Շ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից Մ. Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու համար, և նա հարցաքննվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել նաև Մայիս Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ նույնպես Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, և այսօր հայտարարվել է հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Մայիս Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Մուշեղ Զաքարյանին խմբի կողմից միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քաղաքացիներ Դ. Հակոբյանին և Յ. Մանուչարյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG