Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մոտ 5 հազար զինծառայող կուղարկի Արևելյան Եվրոպա


ԱՄՆ-ը մոտ 5 հազար զինծառայող կուղարկի Արևելյան Եվրոպա
please wait

No media source currently available

0:00 0:02:56 0:00

ԱՄՆ-ը մոտ 5 հազար զինծառայող կուղարկի Արևելյան Եվրոպա

Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է մոտ հինգ հազար զինծառայող, նաև հրասայլեր, զրահամեքենաներ և ծանր տեխնիկա ուղարկել Բալթյան և արևելաեվրոպական երկրներ։

Այդ մասին անցած շաբաթավերջին հաղորդել է The New York Times պարբերականը՝ նշելով, որ, զորք ուղարկելով Արևելյան Եվրոպա` Միացյալ Նահանգները փորձում է հակազդել Ռուսաստանի ագրեսիային։

Առաջարկը դեռ պետք է պաշտոնապես հաստատվի Պենտագոնի կողմից, և եթե Ամերիկայի քաղաքական ու զինվորական ղեկավարությունը այն վերջնականապես ընդունի, ապա դա կլինի ամերիկյան հզոր զինուժի առաջին տեղակայումը ՆԱՏՕ-ին անդամակցած նախկին խորհրդային և սոցիալիստական երկրների տարածքում։

The New York Times-ի փոխանցմամբ, դա Ռուսաստանի ագրեսիային հակազդելու Պենտագոնի ծրագրած լուրջ քայլերից առաջինն է։

2014 թվականից սկսած Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները խիստ սրվել են Մոսկվայի կողմից Ղրիմը բռնակցելու և Ուկրաինայի արևելքում անջատականներին սատարելու հետևաքնով։

Կիևը, ՆԱՏՕ-ն և արևմտյան երկրները Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի ռուս անջատականներին ֆինանսապես, զենքով և զինծառայողներով օգնելու համար։ Կրեմլը կտրականապես հերքում է մեղադրանքը։

Reuters լրատվական գործակալության մեկնաբանը վկայակոչել է ամերիկացի բարձրաստիճան անանուն մի պաշտոնյայի, ով, չմանրամասնելով, ասել է, որ ԱՄՆ-ը էապես լրացնելու է ծանր տեխնիկայի և զինամթերքի պահեստները Եվրոպայում՝ դա բոլոր դեպքերում «քանակի առումով զիջելու է տարածաշրջանում ռուսների կուտակած զինուժին, սակայն կլինի Մոսկվային հասցեագրված հստակ ուղերձ»։

Ամերիկացի պաշտոնաթող ծովակալ Ջեյսմ Ստավրիդիսը The New York Times-ին ասել է, թե Ամերիկան խելամիտ փոփոխություն է կատարում վտանգված դաշնակիցներին սատարելու քաղաքականության հարցում։

Մեկնաբանելով The New York Times-ի հաղորդագրությունը՝ Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենն ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկեր պետությունների զինուժին ուսումնական օգնություն տրամադրելու և զորավարժություններ անցկացնելու նպատակով Ամերիկան անցած մի քանի տարում արդեն ավելացրել է նախադիրքավորման համար անհրաժեշտ տեխնիկայի քանակը։

«Միացյալ Նահանգների զինուժը դաշնակիցների հետ քննարկում է այդ տեխնիկայի պահեստների տեղակայման առավել հարմար տեղերը գտնելու հարցը», - ասել է գնդապետ Ուորենը՝ ավելացնելով, որ վերջնական որոշում դեռ չկա։

Նշված ծրագիրը դեռ պետք է ստանա նախագահ Բարաք Օբամայի և պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հավանությունը։

Ըստ The New York Times-ի, նախնական ծրագիրը ենթադրում է 150-ական ամերիկացի զինծառայողների տեղակայում բալթյան երեք երկրներում և մոտ 750 զինծառայողի տեղակայում Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում ու գուցե Հունգարիայում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան մեկնաբանություն կտա միայն Վաշինգտոնի պաշտոնական հաղորդագրության հրապարակումից հետո։

Լեհաստանը և Լիտվան արդեն հաստատել են, որ ամերիկացիների հետ բանակցում են իրենց տարածքներում ծանր տեխնիկայի պահեստներ տեղակայելու հարցի շուրջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ամերիկացիների այդ նախաձեռնությունը կլինի «սառը պատերազմի» ավարտից հետո Պենտագոնի և ՆԱՏՕ-ի «ամենաագրեսիվ քայլը Ռուսաստանի նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG