Մատչելիության հղումներ

ՀՀ քաղաքացիները առանց վիզայի կարող են մուտք գործել Վրաստան և մեկ տարի մնալ այնտեղ


Հայաստանի ու ևս 93 պետությունների քաղաքացիներ առանց վիզայի կարող են մուտք գործել Վրաստան և այնտեղ մնալ մեկ տարի: Վրաստանի կառավարության՝ այս հարցը կարգավորող նոր որոշումն օրերս է ընդունվել: Նշված 94 երկրների ցանկում նաև Ռուսաստանն է ընդգրկվել:

Սա փաստացի լուծում է այն խնդիրը, որը ծագեց Ջավախքում նախորդ տարի սեպտեմբերին միգրացիոն օրենքի խստացումից հետո: Դրա հետևանքվ հիմնականում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար ռուսական կամ հայկական անձնագրեր ձեռք բերած շուրջ 30 հազար ջավախահայեր զրկվել էին Վրաստանի քաղաքացիությունից, իսկ օտարերկրյա անձնագրերով հայրենիքում 90 օրից ավելի մնալ չէին կարող: Այժմ 90 օրը երկարաձգվել է մինչև մեկ տարի:

Կովկասագետ Մամուկա Արեշիձեի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը, գնահատելով ստեղծված իրավիճակը, ստիպված եղավ միգրացիոն քաղաքականության մեջ փոփոխություններ կատարել:

«Ընդհանուր առմամբ սա խնդրահարույց հարց է, իհարկե, պետք է այն մանրամասն ուսումնասիրել, և Սամցխե Ջավախեթիում ապրող մարդկանց նկատմամբ հոգատարություն ցուցաբերել: Հենց այս հոգատարության պակասի պատճառով էլ շատ խնդիրներ ի հայտ եկան: Բայց մեր արդարադատության նախարարը մի քանի անգամ այցելեց շրջան և այժմ անձամբ է զբաղվում խնդրով: Կարծում եմ, որ նա շատ արդյունավետ է աշխատում, և կլինի այնպիսի արդյունք, որը կբավարարի Ջավախեթիում բնակվող մարդկանց նույնպես»,- ասում է Արեշիձեն։

Մինչդեռ հայ համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ խնդիրն ամբողջությամբ չի լուծվել։ Ճիշտ է՝ ջավախահայերը անարգել կարող են մուտք գործել ծննդավայր, սակայն օրենսդրական փոփոխությունների արդյունքում նրանց զգալի մասը զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից: Նրանք այժմ ունեն միայն ժամանակավոր կացության կարգավիճակ: Դա ջավախահայերին զրկում է բազմաթիվ, այդ թվում՝ ընտրություններին մասնակցելու կամ պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության լրատվության պատասխանատու Ալեքսանդր Օհանյանը պնդում է, որ պետությունը խնդիրը լուծելու փոխարեն ընդամենը փորձել է մեղմել իրավիճակը:

«Մարդը, որ էստեղ ունի ընտանիք, սեփականություն, անշարժ գույք, տուն և ամեն ինչով կապվում է այս երկրի հետ, զրկվեց հնարավորությունից՝ ապրել էս երկրում, և, ըստ էության, պետությունը չի մտածում, որ միգուցե արժի փոխել և վերանայել օրենքը քաղաքացիության մասին կամ իրագործել օրենքը, այլ փորձում է շեղել մեր ուշադրությունը այլ ուղղությամբ` վիզայի հարցի վրա»,- ասաց Օհանյանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի կառավարիչ Էդուարդ Աղասարյանի խոսքով՝ ջավախահայերի քաղաքացիության խնդիրը ժամանակի ընթացքում կլուծվի, և նրանք կկարողանան ծննդավայրում ապրել առանց որևէ սահմանափակման:

«Այս հարցը մեռյալ կետից շարժվեց, և մարդիկ կարող են հանգիստ տեղաշարժվել, չնայած ես այսօր իմացա, որ դեռ 40-50 մարդ կա, որոնց պետք է օգնենք, որ ժամանակավոր կացության իրավունք ստանան: Իսկ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը սա է՝ ժամանակավոր կացության իրավունքը 1 կամ 5 տարով է տրվում։ Եթե 5 տարվա կացության իրավունք ունի անձը, 5 տարի հետո արդեն քաղաքացիություն կստանա»,- նշեց պաշտոնյան:

XS
SM
MD
LG