Մատչելիության հղումներ

logo-print

Թբիլիսիի ջրհեղեղին զոհ է գնացել տեղաբնակ Եղիազարովաների ընտանիքը


Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի խոսքով, հայազգի կանանց դիերը հայտնաբերվել են Սվանիձե փողոցի մի տան մոտակայքում:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում լույս կիրակի գիշերը տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի՝ այս պահի դրությամբ մեկուկես տասնյակ զոհերից 4-ը հայեր են նույն ընտանիքից՝ Լիանա, Սվետլանա, ժաննա և Դիանա Եղիազարովաները։

Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի խոսքով, տեղաբնակ հայ կանանց դիերը հայտնաբերվել են Սվանիձե փողոցի մի տան մոտակայքում:

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլու հետ հեռախոսազրույցում առաջարկել է Հայաստանի օգնությունը:

Հովհաննես Խանգելդյանի խոսքով, հայ փրկարարները դեռևս Թբիլիսի չեն ուղևորվել․ - «Բազմիցս առաջարկվել է այդ օգնությունը՝ թե՛ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, թե՛ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի խոսակցության ժամանակ համանուն կառույցի ղեկավարի հետ, թե՛ վարչապետի մակարդակով: Բոլոր դեպքերում, նրանք պատասխանել են, որ դեռևս որևէ օգնության կարիք չկա Հայաստանի Հանրապետությունից»:

Աղետի հետևանքով ջրի տակ է հայտնվել նաև քաղաքի կենդանաբանական այգին: Նախնական տվյալներով, 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կա՛մ սատկել են տեղում ջրհեղեղի ժամանակ, կա՛մ հայտնվել են ազատության մեջ, ու նրանց ավելի ուշ վնասազերծել են հատուկջոկատայինները:

Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց Երևանի քաղաքապատարանի լրատվության բաժնի ղեկավար Արթուր Գևորգյանը, վրաց գործընկերներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով Թբիլիսի են ուղևորվել Երևանի կենդանաբանական այգու 4 աշխատակիցներ։ Հայ մասնագետներն արդեն Վրաստանի մայրաքաղաքում են:

Արդեն ստացվել է տեղեկություն, որ Թբիլիսիում գտնվող Գրանտ փղիկը ջրհեղեղից չի տուժել։

Գևորգյանը հավելեց․ - «Քաղաքապետի հանձնարարությամբ առաջարկվել է, որ եթե լինի անհրաժեշտություն, Երևան քաղաքի կենդանաբանական այգին պատրաստակամ է ապաստան տալու այն կենդանիներին, որոնց այդ ապաստանի կարիքը կա, մինչև Թբիլիսիում նոր կենդանաբանական այգի կառուցվի»:

Այսօր Վրաստանում սգո օր է: Վաղը Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց մոմավառությամբ երևանցիները կհարգեն աղետի զոհերի հիշատակը:

XS
SM
MD
LG