Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիան չէր կարող չթանկանալ․ Գալուստ Սահակյան


Էլեկտրաէներգիան չէր կարող չթանկանալ․ Գալուստ Սահակյան
please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00

Ազգային ժողովի այսօր մեկնարկած արտահերթ նստաշրջանում էլեկտրաէներգիայի սակագնի հարցը չքննարկվեց:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձեց նիստի սկզբում բարձրացնել հարցը, հայտարարեց, որ լսումների արդյունքում ապացուցվեց՝ սակագինը բարձրացնել պետք չէ, նրան ընդհատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անջատելով պատգամավորի խոսափողը:

Միջանցքում լրագրողների հետ զրույցում Սահակյանն ասաց, որ հարցի քննարկումը լսումներով ավարտվել է։ Արդյունքը, ըստ նրա, այն էր, որ պատգամավորները հասարակությանը և իրենց հետաքրքրող հարցերը տվեցին ու պատասխանները ստացան։

ԱԺ նախագահը այդ պատասխաններից եզրակացրել էր, որ թանկացում կլինի, իսկ հիմնական պատճառներից մեկը, ըստ նրա, դոլարի արժեվորումն է.- «Որովհետև այդ հարաբերությամբ դուք էլ այսօր ավելի վատ եք ապրում, այդ հարաբերություններով փաստորեն 60 դրամով ավելացել է դոլարի արժեքը»,- ասաց Սահակյանը։

Ազգային ժողովի լսումները, ըստ Սահակյանի, թանկացման գործընթացի վրա չեն կարող ազդել, ասաց, որ կարող էին ընդհանրապես լսումներ չանել, բայց հասարակությանը հուզող հարցեր կային. օրինակ, պարզել են, որ ՀԷՑ-ի ներկայացրած շատ ծախսեր վերջնական սակագինը որոշելու հարցում չեն ընդունվելու որպես հիմնավորում, և ընկերությունը պետք է ինքը գումարներ գտնի և փակի պարտքը։ Ամեն ինչ անում են, որ թանկացումը շատ չլինի, ասաց նա։

«Ես չեմ կարծում՝ որևէ գործիքներ կան այսօր, որ կարելի է այնպես անել, որ հոսանքը չթանկանա, որ դուք էլ ավելի ակտիվ կյանք վարեք։ Իհարկե, սոցիալապես ծայրահեղ անապահովների համար դա բավականին դաժան բան է, բայց նաև հասկացող մարդիկ կան, որ ապրանքը առանց արժեք չի լինում։ Եթե միսը թանկանում է, բնական է՝ լույսն էլ պիտի թանկանա»,- հայտարարեց ԱԺ նախագահը։

Այն դիտարկմանը, որ շատ քաղաքացիներ դժգոհում են անգամ մոտ 7 դրամ թանկացումից և բողոքի ցույցերի են պատրաստվում, Սահակյանը պատասխանեց, թե դժգոհությունը հենց լրագրողներն են հրահրում.- «Եթե լրատվությունը դուք եք, ամբողջ օրը քարոզեք, որ թալանեցին, տարան, կերան, ընդվզողներ կլինեն»։

Ի տարբերություն Գալուստ Սահակյանի և իշխող Հանրապետական խմբակցության, ընդդիմադիրները լսումներից այլ եզրահանգումներ էին արել։ Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը համոզվել էր, որ ոլորտը համակարգող պետական մարմինները անտեղյակ են էներգետիկ համակարգից։ Թանկացումը, ըստ նրա, հիմնավոր չէ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ պետք է մերժի հայտը և էներգետիկ համակարգում ստուգումներ սկսի։ Առաջիկայում պատգամավորները նախատեսում են նաև ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։

«Մեր առաջարկը հետևյալն է՝ սակագնի նկատմամբ սահմանվում է վերևի շեմ։ Երկրորդ պայմանը՝ ցանկացած սահմանված սակագին չի կարող փոփոխության ենթարկվել առնվազն հինգ տարի, որպեսզի ներդրողների, սուբյեկտների համար տեսանելի լինի»,- ասաց Մինասյանը։

Լսումները չեն գոհացրել նաև «Բարգավաճ Հայաստան»-ին։ Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս կարող է փաստարկը հիմնավորված լինել, երբ պաշտոնյաները որոշ հարցերի պատասխանելիս ասում էին, թե Աստծո մատն է խառը այդտեղ։ ԲՀԿ-ն նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին թանկացումներից խուսափելու ուղեցույց էր ներկայացրել, որը այժմ էլ որոշել են փոխանցել կառավարությանը։

«Կառավարությունը ունի լծակներ, ինչը մենք ներկայացրել ենք մեր վերլուծության մեջ։ Կգործադրի, չի գործադրի, ինչպես կգործադրի` դա արդեն կառավարության խնդիրն է, որի հետ մենք կփորձենք այդ հարցերը պարզել»,- ասաց Զոհրաբյանը։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պնդում է՝ թանկացում չեն ուզում նաև իրենք, բայց դա կանխելու մոդել չկա։ Նա անգամ լրագրողներին հարցրեց, թե ի՞նչ պետք է անեն, որպեսզի մեղմեն դրա հետևանքները ժողովրդի համար, ու եզրակացրեց՝ թերևս վերերկրային ուժերը կարող են օգնել։

«Մի երկնային ուժ լինի, ոչ թե թանկանա, այլ նվազի, դա իշխանությունների իմիջի համար ամենակարևորագույն խնդիրն է։ Բայց իշխանությունները ցանկություններով չեն կարող գնալ, իշխանությունները պատասխանատու են, պատասխան պիտի տան»,- ասաց նա։

Սահակյանի խոսքով՝ հարցի լուծումը կտա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իսկ մինչ այդ, ԱԺ նախագահը ասաց, որ իր տանը, օրինակ, էլեկտրաէներգիա քիչ են օգտագործում.- «Իմ ընտանիքում երեկոները ընդամենը մեկ սենյակի լույս է վառվում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG