Մատչելիության հղումներ

Երևան-Սևան ճանապարհին վթարի հետևանքով 3 մարդ մահացել է, 3-ը վիրավոր են


Երևան - Սևան ավտոմայրուղին, արխիվ
Երևան - Սևան ավտոմայրուղին, արխիվ

Երեկ Երևան - Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երեք մարդ մահացել է, երեքը վիրավոր են:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ երեկ ժամը 22:20 ահազանգ էր ստացվել, որ Երևան - Սևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել: «Պարզվել է, որ բախվել են «Ֆոլկսվագեն» մակնիշի 77 QN 377 պ/հ (վարորդ` Ս. Շ., ծնվ.1990թ.) և «Օպել» մակնիշի 34 NT 986 պ/հ (վարորդ` Ռ. Ս. ծնվ.1992թ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Է. Ա.-ն (ծնվ. 1991թ.) և Մ. Մ.-ն (ծնվ. 1995թ.) տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն, իսկ Թ. Հ.-ն (ծնվ. 1996 թ.) տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարներն «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Թ.-ին (ծնվ. 1992թ.) և Է. Հ.-ին (ծնվ. 1990թ.), ովքեր տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ և մահացել են», - ասված է հաղորդագրությունում։

Սևանի հիվանդանոցից «Ազատությանը» հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված 20-ամյա Մոնիկա Մարտիրոսյանը վիրահատվել է, հեռացվել է նրա փայծաղը, նա ուներ փակ գանգուղեղային տրավմա, ներքին արյունահոսություն և այլ վնասվածքներ:

Այսօր ավելի ուշ Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդեց, որ վթարի կապակցությամբ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ «Ֆոլկսվագեն Տուարեգ» ավտոմեքենայի վարորդ Սարգիս Շահինյանը ձերբակալվել է։

Էլեն Չիլինգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG