Մատչելիության հղումներ

Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրենը պահանջում է հետաքննել կենդանիների սպանությունները


Վրաստան - Ջրհեղեղի հետևանքով Թբիլիսիի կենդանաբանական այգուց գետաձի էր փախել, 14-ը հունիսի, 2015թ․
Վրաստան - Ջրհեղեղի հետևանքով Թբիլիսիի կենդանաբանական այգուց գետաձի էր փախել, 14-ը հունիսի, 2015թ․

Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրենը պահանջում է հետաքննել ջրհեղեղի հետևանքով փողոցում հայտնված կենդանիների սպանության դեպքերը:

«Եթե մարդկանց վրա կենդանիների կողմից հարձակման դեպքեր լինեին, հասկանալի կլիներ: Կենդանիների վրա կրակելու որևէ հրաման չի եղել, ինչ-որ մեկը գերազանցել է իր պարտականությունները», - ռուսական «Ինտեֆաքս»-ի հետ զրույցում հայտարարել է Զուրաբ Գուրիելիձեն:

Կենդանաբանական այգու տնօրինությունից ռուսական գործակալությանը հայտնել են, որ այգու տարածքում Շումբա անունով երիտասարդ առյուծին գտնել են սպանված վիճակում:

Հիշեցնենք՝ Վրաստանի մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևը սողանքներ է առաջացրել և հեղեղել փողոցները: Մեկ տասնյակից ավելի մարդ է մահացել, մի քանի տասնյակն էլ անհետ կորած են համարվում:

Տարերային աղետը խնդիրներ է առաջացրել քաղաքի գրեթե բոլոր շրջաններում: Ջրի տակ են անցել մի շարք նկուղներ, փողոցներ, առաջին հարկերի բազմաթիվ տներ, ինչպես նաև՝ գետնանցումներ:

Քաղաքի կենտրոնում տեղակայված Կենդանաբանական այգին ամենաշատն է տուժել, այն գրեթե ամբողջությամբ ավերվել է: Կենդանիներից շատերը խեղդվել են, փրկվել են հիմնականում փղերը, զեբրերը, եղնիկները, լեռնային այծերը, ձիերը, օձերը: Մի խումբ կենդանիներ, այդ թվում՝ 6 առյուծ, 6 վագր, 7 արջ, 13 գայլ, փախել են այգուց և հայտնվել քաղաքի փողոցներում:

Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան հայտարարել է, թե հաջողվել է կենդանիներից մի քանիսին վերադարձնել վանդակներ, իսկ մի քանիսի վրա էլ վրա կրակել են, քանի որ «մտավախություն կար, որ կարող էին վտանգել մարդկանց կյանքերը»:

Մասնագետները փորձում են հասկանալ, թե ինչը կարող էր դառնալ հեղեղումների պատճառ:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հավանական պատճառը կարող էր լինել Վերե գետի կիրճի սողանքի հետևանքով առաջացած արհեստական ջրամբարը: Ըստ մասնագետների, սողանքի հետևանքով կիրճում հավաքված ջուրը ճեղքել է փլուզված ամբարտակը՝ իր հետ տանելով արմատախիլ արված ծառեր և կեղտի զանգվածներ: Հենց այս հանգամանքները կարող էին լինել ողբերգության բուն պատճառը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG