Մատչելիության հղումներ

Միհրան Հարությունյանը հաղթեց ադրբեջանցուն և հայտնվեց եզրափակչում


Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերում Միհրան Հարությունյանը նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչի ուղեգիր. վերջին գոտեմարտում 26-ամյա ըմբիշը 8։5 հաշվով հաղթեց Հասան Ալիևին: Առաջին մրցափուլից հետո ադրբեջանցին հաղթում էր 3:0 հաշվով, սակայն հայ ըմբիշին հաջողվեց կամային հաղթանակ տոնել և ապահովել առնվազն արծաթե մեդալ Հայաստանի համար։

Նախորդ գոտեմարտերում 66 կիլոգրամ քաշային հայ ըմբիշը 6:0 հաշվով պարտության էր մատնել իսպանացի Սանչես Նավարոյին, 8։0 հաշվով 1 րոպե 17 վայրկյանում հաջողության էր հասել բուլղարացի Կոնստանտին Ստասի, իսկ 9:1 հաշվով՝ սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի նկատմամբ:

Եզրափակչում Միհրան Հարությունյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Սուրկովի հետ։

Այսօր Բաքվում գորգ են դուրս եկել 75 կիլոգրամ քաշային Կարապետ Չալյանը և 85 կիլոգրամ քաշային Մաքսիմ Մանուկյանը:

Չալյանը դուրս է մնացել պայքարից, իսկ Մանուկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենյուկի հետ։

Ա. Մ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG